Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Անբախտ եղբայրություն կամ ի՞նչ գործ ունեն ռուսական զորքերը Հայաստանում. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ «Անխախտ եղբայրություն-2015» խորագրով զորավարժությունները, որոնց մասնակցելու նպատակով ավելի վաղ Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Թեև պաշտոնապես հայտարարվում է, որ այդ զորավարժությունները նախատեսված են եղել դեռ նախորդ տարվանից, սակայն, անկախ դրանից, հատկապես այս օրերին, ղարաբաղյան հակամարտության գոտում ու հատկապես հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ ՀԱՊԿ խաղաղարար ուժերի որևէ միջոցառման անցկացումը Հայաստանում, մեղմ ասած, ծաղրի է նման:

Առավել ևս, երբ դրանք անց են կացվում «անխախտ եղբայրություն» պաթետիկ ու, այս դեպքում, առնվազն հեգնական խորագրի ներքո: Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, խաղաղ բնակիչներ են զոհվում այն սահմանին, որը պաշտպանելու պայմանագրային պարտավորություն ունեն ինչպես՝ Ռուսաստանը, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ն:

Ունեն, սակայն ոչ միայն չեն կատարում այդ պարտավորությունները, այլև Հայաստանի ուղղությամբ արձակվող կրակահերթերի ինտենսիվությանը զուգահեռ՝ ռուսական զենք են վաճառում Ադրբեջանին: Ու այդքանից հետո, այս օրերին, երբ Հայաստանի սահմանին իրական պատերազմական իրավիճակ է, իրական թշնամին հրետակոծում է բնակավայրերը, ՀԱՊԿ-ն զորավարժություն է անցկացնում «պայմանական թշնամու դեմ»: Սա վիրավորանք է Հայաստանի Հանրապետության, Հայաստանի հասարակության նկատմամբ:

Դա այնքան ակնհայտ է, որ անգամ բոլոր հարցերում Ռուսաստանին հավատարմության երդում տված Հայաստանի իշխանությունն է սկսել բարձրաձայնել ՀԱՊԿ-ի անգործության մասին: ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը սահմանն անցել են այն աստիճանի, որ անգամ իրեն ավելի շատ ռուսական բանակի ներկայացուցչի պես դրսևորող ՀՀ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն է երեկ հայտարարել, թե Հայաստանն անգամ բարոյական աջակցություն չի ստանում ՀԱՊԿ-ի դաշնակիցներից: «Անշուշտ, ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ անդամ երկրներն Ադրբեջանի հարձակումների առնչությամբ ավելի ակտիվ լինեին, բայց առայժմ, ցավոք, լուրջ արձագանք չկա: Ցանկալի կլիներ լսել նման արձագանք: Մենք անվտանգության նույն կառույցի, նույն համակարգի մեջ ենք, ուստի պետք է, որ գոնե արձագանք հնչի:

Առայժմ օգնություն չենք խնդրում, սակայն ցանկալի կլիներ ունենալ զուտ մարդկային աջակցություն»,- ասել է Խաչատուրովը, ի դեպ, նույն՝ «Անխախտ եղբայրություն» խորագրով զորավարժությունների բացման ժամանակ: Որքան աճում է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, այնքան Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի անգործությունն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները՝ օր օրի հասունացնելով հարցը՝ ի՞նչ գործ ունի ընդհանրապես Հայաստանը ՀԱՊԿ-ում, և ի՞նչ գործ ունեն ռուսական զորքերը Հայաստանում:

«Անխախտ եղբայրություն» զորավարժություններ անցկացնող ՀԱՊԿ-ն՝ ի դեմս Ռուսաստանի, իրականում զբաղված է եղբայրասպանությամբ, քանի որ զինում է իր ռազմավարական դաշնակցի հակառակորդին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից