Հասարակություն 

Խանդի զգացումը մարդուն ուղեկցում է երեք տարեկանից

 Խանդը սկսվում է դրսևորվել երեխայի ծննդյան շատ վաղ տարիքից: Արդեն երեք տարեկանից նկատում ենք խանդի առաջին ախտանիշները: Այս զգացումն իր մանկական դրսևորումներում ընտանիքի ներսում է և ուղղված է երեխայի համար ամենասիրելի օբյեկտներին` ծնողներին, նոր ծնվող քրոջը, եղբորը: Առաջին անգամ խանդը դրսևորվում է հարազատների նկատմամբ:Այն զգացմունքների համալիր է, որն իր մեջ ներառում է սեր, կախվածություն և օբյեկտին ոչնչացնելու ցանկություն, մարդու մեջ ի հայտ է գալիս վաղ մանկական տարիքից: Խանդ կարող ենք զգալ մեր ներընտանեկան նեղ շրջանակում` մեր հարազատների` ծնողների, քույրերի, եղբայրների նկատմամբ: Այնտեղ, որտեղ կա սերտ հուզական սիրային հարաբերություններ, այնտեղ կա խանդ: Երեք տարեկանում մարդ արդեն լիարժեք խանդում է: Երեխան հուզական արարած է, և իր ես-ը ձևավորվում է հուզական գործընթացի մեջ: Նա դառնում է անձ` միաժամանակ սիրելով, ատելով և խանդելով իր ծնողներին: Իհարկե, սա այն խանդը չէ, ինչ հատուկ է մեծահասակներին: Երեխան ուժեղ սիրո եւ ատելության զգացմունք է ապրում այն մարդկանց նկատմամբ, ում հետ սերտ հուզական հարաբերությունների մեջ է: Երեխան ի սկզբանե մոր կենսաբանական մասն է և հոգեբանորոն սերտ կապված է նրա հետ, նա երբեք չի պատկերացնում, որ իրենց երկուսի միջև կարող է հայտնվել երրորդը: Բայց այդ երրորդը հայտնվում է հոր տեսքով և ժամանակ առ ժամանակ խլում է մոր սերը: Մինչև յոթ տարեկանը երեխաներն ապրում են «Էդիպյան» բարդույթի փուլը: Տղա երեխան անգիտակցականում խանդում է մորը հոր հանդեպ, աղջիկ երեխան էլ հորն է խանդում մոր հանդեպ: Բայց սա անգիտակցական պրոցես է, գիտակցական մակարդակում ուղղակի աբսուրդ է: Տղան հորը սիրում է, բայց մրցակից է տեսնում նրա մեջ և միաժամանակ ատում է նրան, այնուհետև ատելությունը դուրս է մղում իր հոգեկանից, սկսում է հիանալ իր հորով և նմանվել նրան: Հետո դառնում է իր հոր նման տղամարդ: Համապատասխանաբար աղջկա մոտ էլ հակառակն է լինում: Այս ամենը մինչև յոթ տարեկանն է լինում, հետո ընդհանրապես դուրս է մղվում մարդու միջից: Յոթ տարեկանում հոգեպես առողջ մարդկանց մոտ կամաց-կամաց հանգուցալուծվում է այս ամենը: Այդ զգացմունքները հիմք են դառնում իր սեռային նույնականացման, այսինքն` այս կամ այն սեռի ներկայացուցիչ ձևավորվելու համար: Մարդու առաջին սիրո օբյեկտներն իր ծնողներն են: Արդեն հասուն տարիքում նույն զգացմունքները տեղափոխում է նոր սիրային օբյեկտների վրա: Ինչպիսին եղել են «Էդիպյան» բարդույթի շրջանում երեխայի հուզական կյանքը, արդյոք հանգուցալուծվե՞լ է բարդույթը մինչև վերջ, թե որոշ մնացուկներ չեն լուծվել և եկել են մինչև հասունություն, դրանով պայմանավորված սիրային կյանքը ձեռք է բերում առանձնահատկություններ, մարդիկ լինում են խանդոտ` ավել կամ պակաս չափով: Նորմալ մարդկանց սիրային կյանքում խանդը բնորոշ է և առանց խանդի սեր չկա, բայց լինում են դեպքեր, երբ խանդն ախտաբանական դրսևորումներ է ձեռք բերում: Խանդի աստիճանից կախված` երբեմն հնարավոր չէ թաքցնել այն: Ուղղակի լինում են դեպքեր, երբ զուգընկերները դիտմամբ խանդի տեսարաններ են սարքում, դրանով իրենեց արժևորում են, իրենց սիրային կյանքը հիմնված է այդ խանդի վրա: Եթե խանդն ուժեղ է, ուրեմն այդ մանկական փուլից չհանգուցալուծված մնացուկներ կան, որոնք պետք է գիտակցական մշակման ենթարկել: Դա նրան կազատի և իր խանդի տառապանքներից, և ավելի հասուն կադարձնի:


Նույն շարքից