Հասարակություն Ֆեյսբուք Գիտություն 

Մարսի վրա հեղուկ ջրի առկայության մասին լուրը շատ հմտորեն մատուցվեց՝ ինտրիգի ձեւով

Այս շաբաթ ողջ մարդկությունը պատմական իրադարձության ականատեսը դարձավ: ՆԱՍԱ-ն հայտարարեց, որ Մարս մոլորակի վրա հոսող հեղուկ ջուր է հայտնաբերվել: Սա թույլ է տալիս ենթադրել, որ շուտով կստանանք նաեւ տասնամյակներ շարունակ մարդկությանը հուզող հիմնական հարցի պատասխանը՝ արդյոք Մարսի վրա նաեւ կյանք կա: Թեկուզ մանրէների տեսքով:

Մասնագետները կանխատեսում են՝ առաջիկա շաբաթներին եւ ամիսներին գիտական շրջաններում շատ թեժ վիճաբանություն է ծավալվելու սկզբունքային հարցի շուրջ՝ արդյոք անհրաժեշտ է ՙՔյուրիոսիթի՚ մարսագնացը ուղղել դեպի այն վայրը՝ հայաստանյան Գառնի բնակավայրի անունը կրող խառնարանը, որի լանջերով, ինչպես պնդում են գիտնականները, ամռանը ջուր է հոսում: էստեղ չափազանց լուրջ խնդիր կա: Նույնիսկ երկու խնդիր:

Առաջին՝ եթե ՙՔյուրիոսիթին՚ մանրէներ հայտնաբերի, արդյոք մենք կարող ենք վստահաբար պնդել, որ դրանք մարսյան ծագում ունեն, այլ ոչ թե հենց մարսագնացի՝ Երկրից բերած մանրէներն են:

Եւ երկրորդ՝ արդյոք Երկրից բերված մանրէները, ջրի հետ շփվելով, այսինքն ընկնելով բարենպաստ միջավայր, չեն վարակի ողջ մոլորակը եւ ինչ հետեւանքներ կարող է դա ունենալ: Ունի արդյոք մարդկությունը այդ իրավունքը՝ վարակել ողջ տիեզերքը եւ այդ վտանգավոր գործընթացը սկսել Կարմիր մոլորակից:

էստեղ ուրիշ շատ ուշագրավ հանգամանք կա՝ զուտ երկրային: Մարսի վրա հեղուկ ջրի առկայության մասին լուրը շատ հմտորեն մատուցվեց՝ ինտրիգի ձեւով: Մի քանի օր առաջ ՆԱՍԱ-ն հաղորդեց՝ երկուշաբթի օրը շատ կարեւոր հայտարարություն ենք անելու, բացահայտելու ենք Կարմիր մոլորակի գաղտնիքներից մեկը: Այսինքն՝ բոլորը լարված սպասում էին, սպասում էին նաեւ մեկ այլ պատճառով՝ այս ուրբաթ մեծ էկրան է դուրս գալու աշխարհահռչակ ռեժիսոր Ռիդլի Սքոթի ՙՄարսիացին՚ ֆիլմը, որին նույնպես հանդիսատեսն անհամբերությամբ է սպասում:

Ինչպես տեսնում եք, ամեն ինչ արվեց, որպեսզի մարսյան ջրի մասին լուրը իսկապես սենսացիոն լինի եւ հնարավորինս մեծ հետաքրքրություն ու լայն արձագանք առաջացնի հասարակությունում, իսկ այս շաբաթը իրոք մարսյան շաբաթ դառնա:

Երկու խոսք այդ կինոնկարի մասին: Դժվար թե Հայաստանում կգտնվի գեը մի մարդ, որը չի դիտել օսկարակիր ռեժիսոր Ռիդլի Սքոթի նկարահանած ՙԳլադիատորը՚, որտեղ հնչում է Ջիվան Գասպարյանի դուդուկը: Օսկարի դափնեկիր է նաեւ նոր ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար՝ ամերիկացի հայտնի դերասան Մեթ Դեյմոնը:

Սյուժեն այսպիսին է: Երկրից արշավախումբ է ժամանում Մարս, ահավոր փոթորիկ է սկսվում, տիեզերագնացները հասկանում են, որ չեն կարողանալու կատարել իրենց առաքելությունը եւ շտապ հեռանում են, Մարսի վրա թողնելով իրենց ընկերներից մեկին, հաստատ համոզված լինելով, որ նա մահացել է: Բայց պարզվում է, որ Մեթ Դեյմոնի հերոսը չի մահացել: Ու միայնակ մնում է հեռավոր մոլորակի վրա՝ մոտավորապես Ռոբինզոն Կռուզոյի կարգավիճակով: Ճիշտ Ռոբինզոն Կռուզոյի նման, որը ինչ-որ բաներ էր հասցրել հանել խորտակված նավից, այս տիեզերագնացն էլ ունի ջրի եւ սննդի մի քանի ամսվա պաշար, բայց դա ակնհայտորեն բավարար չէ, որովհետեւ հաջորդ արշավախումբը կարող է Մարս հասնել միայն 4 տարի հետո: Ու սկսվում է գոյատեւման համար պայքարը: Եթե ջուր ունենաս, կարող ես նաեւ ջերմոցային պայմաններում բույսեր աճեցնել, սերմերը կան, սնունդ կստանաս, բայց ամենակարեւորը՝ ջուրն է բացակայում Մարսի վրա:

Պարադոքսալ իրադրություն ստացվեց: Ուրբաթ օրը Ամերիկայի մոտ 4000 կինոթատրոններում առաջին անգամ ցուցադրվելու է սպասված ֆիլմը, որի սյուժեն հիմնված է այն ենթադրության վրա, որ Մարսի վրա ջուր չկա, իսկ դրանից ընդամենը մի քանի օր առաջ գիտնականները հայտարարում են՝ Մարսի վրա ջուր կա: Գիտեր արդյոք ռեժիսորը այս մասին: Այո, գիտեր: ՙՆյու Յորք Թայմս՚-ին տված հարցազրույցում Ռիդլի Սքոթը խոստովանել է՝ ՙԴեռ երկու ամիս առաջ՝ ամռանը ինձ հրավիրեցին ՆԱՍԱ եւ ցույց տվեցին այն լուսանկարները, որոնք ապացուցում են, որ Մարսի վրա ջուր կա՚:

Մինչեւ պրիեմիերան դեռ ժամանակ կար, կարելի էր փոխել սյուժեն: Բայց ռեժիսորը չդիմեց այդ քայլին: Որովհետեւ ֆիլմի գաղափարն էր աղճատվելու: Կինոնկարի գլխավոր թեման սա է՝ մարդու ոգին անպարտելի է, ուժեղ մարդը ելք կգտնի նույնիսկ անելանելի իրավիճակներից: Իսկ եթե ֆիլմի հերոսը ոչ թե ինքնուրույն հայթայթեր ջուրը, այլ գտներ այն, համաձայնեք, լրիվ այլ բան էր ստացվելու:

Շատերը կարող են ասել՝ ՙԼավ, բայց լուրջ գիտնականներին սազակա՞ն է նման բան անել՝ նախօրոք իմանալ, որ Մարսի վրա հոսող ջուր կա, բայց դիտմամբ հրապարակել այդ լուրը Մարսի մասին կինոնկարի շնորհադեսի հենց նախօրեին՚: Նման հարցատէդրւմ անելիս չպետք է մոռանալ, որ գիտությունը հսկայական գումարներ է պահանջում եւ այդ գումարները ստանալու համար հարկավոր է նաեւ հասարակությանը համոզել, որ փողն անհրաժեշտ է, բարենպաստ տրամադրվածություն ստեղծել հասարակ մարդկանց շրջանում: Այնպես որ՝ ամերիկացի գիտնականների պահվածքը արդարացում ունի:

Ինչու են Հայաստանում խղճուկ գումարներ հատկացվում գիտության զարգացմանը: Այո, իշխանավորներից շատերը չեն գիտակցում դրա կարեւորությունը, դա էլ կա, բայց խոստովանենք՝ մենք էլ ենք մեղավոր՝ հասարակական պահանջ չկա գիտությունը զարգացնելու համար, գիտության դերի գիտակցումը չկա:

Հիշենք Իսրայելի 10-րդ նախագահ, 92-ամյա Շիմոն Պերեսի խոսքերը՝ ՙ Մենք երազում էինք մեր հողի մասին, բայց այն հողը, որը մենք ստացանք, երազելու բան չէր: Այնտեղ կար երկու լիճ՝ մեկը մեռած, մյուսը՝ մեռնող: Կար հանրահայտ մի գետ, բայց մեջը ջուր չկար: Այսինքն ջուր չունեինք ընդհանրապես: Եվ մենք մտածեցինք: Բնության մեծագույն հարստությունը մարդն է: Մարդիկ հարստացրեցին հողը, այլ ոչ թե հողը՝ մարդկանց: Մենք բոլորս գիտնականներ դարձանք: Իսրայելում յուրաքանչյուր ֆերմեր սկսեց մտածել՝ ինչպես զարգացնել գյուղատնտեսությունն առանց ջրի, առանց հողի: Եւ մենք սկսեցինք զարգացնել դա: Դա աշխարհում առաջին գյուղատնտեսությունն էր, որը հիմնված էր բարձր տեխնոլոգիաների վրա: Ջուրը սովորաբար գտնում են՝ չեն հայթայթում: Իսկ մենք սկսեցինք հայթայթել, ստեղծել ջուրը: Եւ հաջողության հասանք՚:

Նույն շարքից