Այսօր` հոկտեմբերի 1-ին, կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադառնալով` Հանրային ծառայությունները կարգավորող ընկերության` ՀՀ-ում գործող էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հետազոտության առաջին փուլի հաշվետվությանը, ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագները հիմնավորված են, և փոփոխության անհրաժեշտություն չկա։
«Միաժամանակ հարցը քննարկել ենք ՀՀ նախագահի հետ և որոշել, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա»,-ասաց նա։
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցի, ՀՀ քաղաքացիներին հուզում է ՀԷՑ-ի կառավարման հարցը։
«Վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ այս իրավիճակում հրամայական է դարձել ՀԷՑ-ում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդնումը, քանի որ «Ինտեր Ռաո» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու ՀԷՑ-ը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ՝ կառավարման համակարգի իրական բարելավման համար»,-ասաց ՀՀ վարչապետը։