ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նոր քրեական գործ է հարուցվել:
Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Ռազմական ինստիտուտի հրամանատարի տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանը, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դեռևս 2014թ. օգոստոսից մինչև 2015թ. հունվարի 28-ը պարբերաբար հանձնարարել է իր ենթակա համապատասխան սպաներին, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, որդուն՝ նույն զորամասի կուրսանտ Գնել Թևոսյանին մի քան ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից:
Այդ կերպ արտոնյալ պայմաններ է ստեղծել որդու համար, խաթարել է զինվորական կառավարման մարմինների և ծառայության իրականացման բնականոն ընթացքը:
Հիշեցնենք նաև, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով Գնել Թևոսյանը 4 մեղադրյալներից մեկն է: