Հասարակություն 

Պոեզիա՝ շարժման մեջ. Washington Post

«Պոեզիա՝ շարժման մեջ». այսպես է անվանել Սոչիում երեկ կայացած Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումն ամերիկյան Washington Post թերթը։

 

«Ծրագրի ամեն հատվածը գրվել է ամենաբարձր մակարդակով»,- գրել են Սոչիում գտնվող թերթի թղթակիցներ Քեթի Լելին ու Ուիլ Ինգլանդը։

 

Ինչպես նշվում է նյութում, շոուի կազմակերպիչների ստեղծագործական միտքը ցնցել է օտարերկրացիներին։ Взгляд-ը նկատում է, որ սա գրում է մի թերթ, որը վերջին շրջանում այլ արևմտյան լրատվամիջոցների հետ բացասաբար էր արտահայտվում խաղերի մասին։

 

Շվեյցարական լրատվամիջոցները խաղերի բացումն անվանել են հիասքանչ ներկայացում։

«Օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտը դարձել էր հիասքանչ ներկայացման կենտրոն»,- իր կայքի ֆրանսալեզու տարբերակում գրել է SRG SSR շվեյցարական ռադիոհեռարձակման կորպորացիան։

 

Իսկ այն պահին, երբ Վլադիսլավ Տրետյակն ու Իրինա Ռոդնինան վառել են Օլիմպիական կրակը, РТС հեռուստաալիքի մեկնաբաններն արտաբերել են միայն մի բան. «Հզոր է, սա շատ, շատ, շատ հզոր է»։

 

«Ռուսաստանը փորձել է այդ տոնական երեկոյին ցույց տալ գերտերության ոչ այնքան քաղաքական, որքան մարզական էնտուզիազմը»,- գրում է Neue Zürcher Zeitung գերմանալեզու թերթը։

 

 

Ֆրանսիական Temps թերթն անդրադարձել է խաղերի բացմանն ամերիկյան ներկայացուցչական պատվիրակության բացակայությանը։ Թերթը կարծում է, որ պատճառ կարող են լինել սիրիական հարցի, Ուկրաինայում իրավիճակի, ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված հարցերի շուրջ տարաձայնությունները։

 

Էստոնիայում նույնպես մեծ ուշադրությամբ են հետևել խաղերի բացման ուղիղ հեռարձակմանը։

«Հրաշալի հրավառությունը եզրափակեց Օլիմպիական խաղերի գունագեղ արարողությունը»,- գրել են տեղական լրատվամիջոցները։

 

Իտալացի լրագրողները նույնպես արարողությունն անվանել են «անթերի և հուզիչ, լավ մտածված և հավասարակշռված, դինամիկ ու դիտելի»։

 

 

Նշենք, որ երեկ երևանյան ժամանակով ժամը 20։14-ին Սոչիում տեղի ունեցավ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները։
 

Նույն շարքից