2015թ. ընթացքում Հայաստանի ծննդօգնության հիմնարկներում արձանագրվել է մայրական մահացության 5 դեպք՝ նույնքան, որքան 2014 թվականի ընթացքում: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:
Մայրական մահացություն է համարվում կնոջ մահը հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և հետծննդյան շրջանում (մինչև հետծննդյան 42-րդ օրը), բացառությամբ դժբախտ պատահարների: Ցուցանիշը հաշվարկվում է 100 000 կենդանածնի նկատմամբ:
Հայաստանում մայրական մահացության տարեկան ցուցանիշի (ՄՄՑ) տատանումները զգալի մեծ են, ինչը պայմանավորված է երկրի փոքր բնակչությամբ: Այն աննախադեպ բարձր է եղել 2000թ-ին, կազմելով 71/100 000, իսկ 2010-2014թթ. ընթացքում մայրական մահացության ցուցանիշը տատանվել է` 6.8-23.6 սահմաններում:
Այս պատճառով, մայրական մահացության միտումները գնահատելիս հարկ է առաջնորդվել ԱՀԿ հանձնարարականով, համաձայն որի, եթե երկրի բնակչության թիվը պակաս է 5 միլիոնից, միտումների գնահատականը պետք է տրվի միջին եռամյա ցուցանիշի համեմատության կտրվածքով:
Հազարամյակի նպատակների հասանելիության համատեքստում կատարված վերլուծությունը փաստում է, որ 1990-2014թթ. ժամանակահատվածում մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշը կրճատվել է ավելի քան կիսով չափ (1999-2001թթ.` 40.3/100000, 2011-2013թթ.` 18,8/100000):
Մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը շուրջ 1,5 անգամ ցածր է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշի (29,0) համեմատությամբ, սակայն այն զգալի գերազանցում է Եվրամիության երկրների համանուն ցուցանիշի միջին մակարդակը (5,0):
2012-2014թթ. միտումները վկայում են, որ ՄՄ միջին տարեկան ցուցանիշը նվազել է շուրջ 21% (2012թ-23.6, 2013թ.` 21.5, 2014թ.` 18,6):
Ըստ ՀՀ ԱՆ օպերատիվ ընթացակարգով հավաքագրված տվյալների, 2015թ. ընթացքում, հանրապետության ծննդօգնության հիմնարկներում արձանագրվել է մայրական մահացության 5 դեպք (նույն թիվը` 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ):