Հասարակություն Տնտեսություն 

Ջրի սակագինը պարզ կլինի փետրվարի վերջին

analitik.am

«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն ջրի սակագնի փոփոխման վերաբերյալ իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի փետրվարի վերջին: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Օրենքով ամեն տարի մինչեւ փետրվարի 26-27-ը մենք ճշգրտված հայտ ենք ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ջրի վերանայման սակագնի վերաբերյալ»,- ասաց ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը:

Մուրադ Սարգսյանի խոսքով՝ հայտը չի նշանակում սակագնի պարտադիր բարձրացում. «Օրինակ՝ անցած տարի 4 դրամով գինը նվազեց: Իրականում դիմել էինք, որ 8 դրամով նվազեցնեն, սակայն էլեկտրաէներգիայի բարձրացման պատճառով ընդամենը 4 դրամով նվազեց»:

Նշենք, որ ջրի սակագնի վրա ազդում են հետեւյալ գործոնները՝ եվրո-դրամ փոխհարաբերությունը, էլեկտրաէներգիան, որի խոշոր սպառող է համարվում ընկերությունը, սպառված ջրի ծավալները:

Անդրադառնալով տարածված լուրերին, թե էլեկտրաէներգիայի սակագինն այս տարի նորից բարձրանալու է, Մուրադ Սարգսյանը խորհուրդ տվեց գուշակություններ չանել եւ սպասել: «Մեր հայտից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 3 ամիս ժամկետում քննարկում է, որից հետո որոշում կայացնում»,- ասաց «Երեւան Ջուր» ընկերության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսի 21-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել էր «Երեւան-Ջուր» ընկերության սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները։ Ըստ այդմ, ջրօգտագործողները օգտագործված 1 խմ ջրի դիմաց հուլիսի 21-ից վճարում են 170, նախկինում գործող 174, 059 դրամի փոխարեն։

Նույն շարքից