Հասարակություն 

Մենք փորձել ենք տոնի ուրախ տրամադրությունը փոխանցել բոլոր փոքրիկներին. Իդա Խաչատրյան

«Էրեբունի – Երևան 2797» տոնակատարություններին ընդառաջ զրուցեցինք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանի հետ։

-Տիկին Խաչատրյան, գաղտնիք չէ, որ մեր քաղաքում երեխաներ կան, որոնք առանձնակի խնամքի և ուշադրության կարիք ունեն: Խոսքը հատուկ դպրոցներում սովորող և մանկատան երեխաների մասին է. որքանո՞վ է «Էրեբունի - Երևան» -ը տոն նրանց համար.

-Եթե նկատել եք, Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների շարքում առանձնակի կարևորվում է սոցիալական բաղադրիչը: Սա, անշուշտ, նշանակում է, որ տոնը պետք է իսկապես լինի բոլորինը՝ այդ թվում նաև իհարկե երեխաներինն ու հատկապես հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներինը: «Էրեբունի – Երևան 2797» տոնակատարությունների շրջանակում քաղաքապետի հանձնարարությամբ մենք հատուկ ծրագիր ենք մշակել հենց այս խմբի շուրջ 400 երեխայի համար: Նրանք արդեն ներկա են գտնվել այս օրերին հյուրախաղերով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսի ներկայացմանը: Հատուկ նրանց համար նախատեսում ենք նաև «Երևան Սիթի տուր» քաղաքային զբոսաշրջային ավտոբուսներով շրջագայություն Երևանով, որի ընթացքում երեխաները կծանոթանան մայրաքաղաքի տեսարժան վայրերին: Նախատեսում ենք նաև այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան: Այսինքն մենք փորձել ենք տոնի ուրախ տրամադրությունը զուգորդել կրթադաստիարակչական բաղադրիչին, որպեսզի երեխաներն, ավելի լավ ճանաչելով Երևանը, ավելի շատ բարությամբ ու ավելի ջերմ սիրով լցվեն մեր սիրելի մայրաքաղաքի նկատմամբ:

- «Էրեբունի – Երևան 2797» տոնակատարությունների շրջանում երեխաների համար նախատեսված ի՞նչ միջոցառումներ կլինեն

-Մեր ջերմ ու բարի քաղաքի տոնը, լինելով բոլորինը, պետք է հատկապես փոքրիկներին ուրախացնի: Մենք չէինք կարող երեխաների համար միջոցառում չկազմակերպել, քանի որ նրանք տոնակատարության լուսավոր ու գունեղ մասնիկն են: Այս տարի կունենանք մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում և «Խոսող խաղալիք» մանկական տիկնիկային զվարճալի ծրագիր Կիրովի անվան մանկական զբոսայգում:

- Մարզաբնակ երեխաները հնարավորություն կունենա՞ն մասնակցելու տոնակատարությանը, նրանցից ոմանք հնարավոր է մայրաքաղաք գալու համար անհրաժեշտ միջոցներ չունի:

- Մենք այդ հարցին տվել ենք լուծում և մարզաբնակ երեխաները կկարողանան մասնակցել տոնակատարությանը: Երևանի վարչական շրջանները երեք տարի է համագործակցության համաձայնագրեր են իրականացնում հանրապետության տարբեր մարզերի և ԼՂՀ տարբեր շրջանների ու քաղաքների հետ, և Երևանի տոնի առթիվ, մայրաքաղաքի վարչական շրջանների հրավերով, Երևան կգան երեխաներ բոլոր մարզերից։ Նրանց տեղափոխման և տոնին լիարժեք մասնակցելու բոլոր անհրաժեշտ միջոցները կապահովվի վարչական շրջանների աշխատակազմերի կողմից: Առիթից օգտվելով՝ մաղթում եմ, որ տոնական մթնոլորտը պարուրի բոլորին և հատկապես երեխաներին՝ նրանց ժպիտ ու ջերմ պահեր պարգևի:

Նույն շարքից