Հասարակություն 

Դանիացիները պահանջում են չսպանել ընձուղտին

analitik.am

Հազարավոր մարդիկ հանդես են եկել ի պաշտպանություն Կոպենհագենի կենդանաբանական այգում ապրող մեկուկես տարեկան ընձուղտի. նրան պատրաստում են սպանել ինբրիդինգից` մեկ պոպուլյացիայի ներսում զուգավորումից խուսափելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Վայրի կենդանիների պաշտպանների մոտ քիչ ժամանակ է մնում. կենդանաբանական այգու ղեկավարությունը մտադիր է «մահվան դատավճիռն» իրականացնել արդեն կիրակի օրը՝ փետրվարի 9-ին:

 

Մարիուս անունով ընձուղտի պաշտպանության ստորագրություններ են հավաքվում միանգամից մի քանի կայքերում՝ Facebook-ի «Save Marius» էջում, skrivunder.net և thepetitionsite.com կայքերում:

Կենդանաբանական այգու ղեկավարությունը պնդում է, որ չի ցանկանում ընձուղտի մահը, բայց ոչինչ չի կարող անել. կենդանու սպանությունը նախատեսված է Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի կանոններով, որի անդամ է հանդիսանում հաստատությունը:

 

Բանն այն է, որ այդ ասոցիացիայի մեջ գտնվող մոտ 300 եվրոպական կենդանաբանական այգիներից ոչ մեկում չկա ընձուղտ, որը գենետիկորեն չի խաչվում Մարիուսի հետ:

 

Ընդ որում՝ կենդանու կրտումը, ինչպես բացատրում է կենդանաբանական այգու ղեկավարությունը, կունենա «անցանկալի հետևանքներ», իսկ նրան ազատ բաց թողնել նույնպես չի կարելի. հայտնի չէ, կենդանի կմնա նա, թե ոչ: Բացի այդ, դրա համար աֆրիկական երկրներից թույլտվություն ստանալ հեշտ չի լինի:

 

BBC-ի եթերում Մարիուսի մասին ռեպորտաժի հայտնվելուց հետո Յորքշայրի կենդանաբանական այգին կենդանուն ընդունելու պատրաստակամություն է հայտնել և այժմ իր դանիացի գործընկերներից պատասխանի է սպասում: Կենդանու հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Շվեդիայի կենդանաբանական այգիներից մեկը:

 

Սակայն դանիական կենդանաբանական այգին դեռ ոչ մի կերպ չի արձագանքել այդ առաջարկներին:

Նույն շարքից