Հասարակություն Տնտեսություն 

Կառավարությունն անպատասխանատու է որակել ԻՏՁՄ հայտարարությունը

Հայաստանի կառավարության աշխատակազմը հերքել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հայտարարությունը՝ այն անպատասխանատու որակելով։

Նշենք, որ օրեր առաջ Երեւանում տեղի ունեցավ «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանում Էստոնիայի դեսպանատան, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի  համատեղ ջանքերով:

«Հայաստանում ԵՄ գրասենյակի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ եւ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովին բացակայում էր Հայաստանի ՏՏ ոլորտը: Մենք երեւույթը դիտարկում ենք որպես Հայաստանի կառավարության կողմից՝ ՏՏ ոլորտը էլեկտրոնային կառավարման գործընթացներից մեկուսացնելու քաղաքականություն, այն գնահատում ենք անխոհեմ եւ ապազգային»։

Կառավարության աշխատակազմի պատասխանում ասվում է. «Յուրաքանչյուր ոք, ով նույնիսկ տարրական գիտելիքներ ունի համակարգչի եւ համացանցի հնարավորությունների մասին, կարող էր փնտրել ու գտնել համաժողովի կազմակերպիչներին:

Դա անելու փոխարեն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իր հայտարարությունում անհասկանալի ու տարօրինակ մեղադրանքներ է հնչեցրել՝ չգիտակցելով, որ անպատասխանատու հայտարարություններով միությունը վտանգում է ոչ միայն սեփական հեղինակությունը, այլ իրեն անհարմար վիճակի մեջ է գցում:

Ցանկանում ենք մեկ անգամ եւս տեղեկացնել, որ համաժողովը կազմակերպվել էր Եվրամիության պատվիրակության, Հայաստանում Էստոնիայի դեսպանատան, Հայկական բարեգործական ընդհանուր միջության, ԹՈՒՄՈ-ի համատեղ ջանքերով, որին կառավարության աշխատակազմից մասնակցել է աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ հրավիրյալի կարգավիճակով»:

Կից ներկայացրել են նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ուղղված հրավերը:

Նույն շարքից