Հասարակություն Տնտեսություն 

Թուրքիայի բնակչությունն արագորեն ծերանում է

Թուրքիան 2014թ. դրությամբ բնակչության կազմով համարվում է ծերացած երկիր: Տարեցտարի նկատվում է տարեց բնակչության թվի տոկոսային աճ:

«Aljazeera»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը (2014թ.) կազմում է 77 մլն 695.904, որի 8 տոկոսը (6մլն 192.962) կազմում են 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան ծեր երկիր է, քանի որ, ըստ ՄԱԿ-ի սահմանած չափանիշների, եթե երկրի բնակչության 8-10 տոկոսը ծեր է, ապա այդ երկիրը համարվում է ծերացած:

Այժմ Թուրքիայի ծեր բնակչության թիվը երկրի ողջ պատմության մեջ իր գագաթնակետին է հասել: Ըստ կանխատեսումների՝ 2023թ. Թուրքիայի ծեր բնակչության թիվը կկազմի արդեն  10 տոկոս՝ հասնելով 8 միլիոն  600.000-ի, իսկ  2050 թ. կհատի  21 տոկոսի  սահմանագիծը՝ կազմելով 19.5 միլիոն: Այդ ժամանակ արդեն Թուրքիան կվերածվի չափազանց ծեր երկրի:

Բնակչության ծերացման հետ մեկտեղ մեծանում են նաև երկրում առկա սոցիալական և առողջպահական խնդիրները:

Տարեց բնակչության թվի աճը բերում է նաև հիվանդությունների շատացման: Մասնավորապես վերջին տարիներին Թուրքիայում մեծացել է Ալցհեյմերի հիվանդության հանդիպման հաճախականությունը բարձր տարիքում:  Ըստ կանխատեսումների՝ Ալցհեյմերի հիվանդությունն առաջիկայում Թուրքիայի համար ամենամեծ  առողջապահական  խնդիրներից մեկն է լինելու:

Նույն շարքից