Նյու Յորքում բացվում է ԱՄՆ-ում շների ամենահեղինակավոր Westminster Kennel Club Dog Show ցուցահանդեսը: Այս տարի մրցույթին, որն անցկացվում է արդեն 138-րդ անգամ, կմասնակցի մոտ 3 հազար շուն՝ աշխարհի տարբեր անկյուններից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Այս մրցույթը կլինի պատմության մեջ ամենաներկայացուցչականը: Մեզ մոտ կգան բոլոր 50 նահանգներից շներ, ամենաշատը՝ Նյու Յորքից և Կալիֆոռնիայից: Բացի այդ, մենք սպասում ենք 120-ից ավելի մասնակիցների այլ երկրներից, մասնավորապես՝ Ֆինլանդիայից, Սլովենիայից, Ճապոնիայից, Թաիլանդից»,- պատմել են մրցույթի կազմակերպիչները:
Ցուցահանդեսին կմասնակցի 190 տարբեր ցեղատեսակի շուն՝ անցած տարվա համեմատ երեքով ավելի:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին դատավորները կընտրեն յոթ տարբեր խմբերի հաղթողներին: Այս փուլը կանցկացվի Հուդզոն գետի նավամատույցներում գտնվող սրահներում: Այնուհետև երեքշաբթի օրը տեղի կունենա մեծ շոու, որի ընթացքում յոթ տարբեր ցեղատեսակի պատկանող շներից կընտրվի լավագույնը: Այս փուլը կանցկացվի Madison Square Garden մարզահամերգային համալիրում: