Հասարակություն 

Փողկապ կապելու 177.000 նոր միջոց է հայտնաբերվել

Համարվում էր, որ գոյություն ունի փողկապ կապելու մոտ 200 միջոց։ Ստոկհոլմի Տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտից մաթեմատիկոս Միկաել Վեյդեմո Յոհանսոնն ապացուցել է, որ այդ ձևերը գրեթե 1000 անգամ շատ են։ Նա հաշվարկել է 177.147 միջոց, գրում է «Комсомольская правда»-ն։

 

Հետաքրքիր է, որ այդ բացահայտմանը Միկաելին դրդել են ոչ թե բարձրագույն մաթեմատիկայի տեսությունները, այլ հոլիվուդյան «Մատրիցա» ֆիլմից չարագործ Մերովինգենի փողկապի բարդ հանգույցը։ Ֆիլմում այդ կերպարի փողկապն ունի բարդ և քիչ հայտնի Ediety հանգույց, որը ֆիլմի թողարկումից հետո ստանում է նոր անվանում՝ Մերովինգենի հանգույց։

 

«Մատրիցա» ֆիլմի երկրպագուները փորձել են կրկնել բարդ հանգույցը և դրա վերաբերյալ հոլովակներ տեղադրել YouTube-ում։ Ստոկհոլմցի մաթեմատիկոսը տեսել է այդ հոլովակներից մեկը և սկսել հետաքրքրվել այդ խնդրով։ Երեք այլ մաթեմատիկոսների հետ նա ընդամենը 3 բաղադրիչների օգնությամբ՝ W, T, U, կարողացել է ստեղծել հանգույցների գեներատոր, որի շնորհիվ կարելի է այժմ սովորել կապել ամենայուրահատուկ հանգույցները։

 

Սակայն այդ բոլորը փորձելու և լավագույնն ընտրելու համար կպահանջվի առնվազն 4 ամիս։ Եվ մի պայմանով՝ չուտել, չքնել և յուրաքանչյուր հանգույցի վրա ծախսել միայն մեկ րոպե։

Նույն շարքից