Հասարակություն Մշակույթ 

Մարկ Շագալի «Օրփեոսը» հայտնվել է Վաշինգտոնի «Քանդակների պարտեզում»

Վաշինգտոնի շրջաններից մեկի մասնավոր պարտեզից «Քանդակների պարտեզ» է տեղափոխվել Մարկ Շագալի հսկայական «Օրփեոս» խճանկարը, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

ԱՄՆ արվեստի ազգային պատկերասրահն այդ նվերը ստացել է ամերիկացի տնտեսագետ և արվեստի գիտակ Ջոն Նեֆի այրու՝ Էվելին Նեֆի կտակով՝ Ռենուարի, Պիկասոյի, Կանդինսկու, Լեժեի և այլ նշանավոր նկարիչների մի քանի տասնյակ նկարների հետ մեկտեղ:

 

Այժմ խճանկարը կկարողանան տեսնել միլիոնավոր վաշինգտոնցիներ և ամերիկյան մայրաքաղաքի հյուրեր: Դրա նախկին սեփականատերերը մտերիմ էին Շագալի հետ և նվեր են ստացել «Օրփեոսը» դեռ 1971 թվականին: Երբ վարպետն առաջին անգամ Նեֆերին ցույց է տվել այդ աշխատանքը, նրանց զարմանքին սահման չկար: Խճանկարի չափերն ավելի քան տպավորիչ էին. դրա բարձրությունը երեք մետր է, իսկ երկարությունը՝ հինգից ավելի: Այն հնարավոր չէր տեղադրել տան ներսում, և ստիպված են եղել դրա համար տեղ գտնել պարտեզում՝  հատուկ այդ նպատակով 3-մետրանոց պատ կառուցելով, որի վրա էլ ամրացվել են խճանկարի՝ կոմպոզիցիան կազմող 10 առանձին հատվածները:

 

Թանգարանի աշխատակիցներից, որոնք պետք է այն մասնատեին 10 հատվածի, որոնցից յուրաքանչյուրը մոտ 100 կիլոգրամ է կշռում, այնուհետ ռեստավրացիայի ենթարկեին և նոր վայրում նույնանման պատի վրա տեղադրեին, պահանջվել է երեքուկես տարի:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից