Ըստ Դեյլ Քարնեգիի ուսումնասիրությունների` «Մարդու անունն իր համար ամենադյութիչ և կարևոր բառն է ցանկացած լեզվով»: Կան նաև մարդիկ, որ այդպես էլ չեն կարողանում սիրել ու համակերպվել իրենց անվան հետ: Հոգեբանների կարծիքով, այս խնդիրը կարող է ունենալ խիստ անհատական պատճառներ: Ըստ աստղագետների՝ երեխայի անունը կնքելու պահին աստղերը որոշ ազդեցություն են ունենում մարդու անձնական հատկանիշների, խառնվածքային առանձնահատկությունների ձևավորման վրա: Հոգեբանական ուսումնասիրություններ այն մասին, որ նույն անունը կրող մարդիկ ունեն խառնվածքային, ինտելեկտուալ ընդհանրություններ, դեռևս չկան, սակայն, ըստ մասնագետների, երբ մարդ հասկանում է իր անվան իմաստը, փորձում է նմանվել ու նույնականացվել անվան էության հետ: Անցյալում անվանումները կրճատ ձևով են տրվել, ժամանակակից անուններն ու ազգանունները 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին են առաջացել: Սա այն ժամանակ էր, երբ արհեստագործությունը հասել էր շուկայական մակարդակի և սկիզբ էր դրվում կապիտալիստական հարաբերություններին: Ամեն ժամանակահատված թելադրում է անվանումների իր նորաձևությունը: Օրինակ` Խորդրդային Միության ժամանակշրջանում ավելի տարածված էին հեղափոխության առաջնորդների, կուսակցական ու ընդհանրապես խորհրդային ժամանակաշրջանին հատուկ անվանումներ: Հետո անունների նոր բում եղավ. այս անգամ ֆիլմերի, սերիալների հերոսների անուններն էին նորաձև: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի օտար անունները քանակով զիջում են հայկականներին: Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013 թ. Հայաստանում ծնված երեխաներն ամենաշատը Նարե և Դավիթ անուններն են ստացել: Տարվա ընթացքում ծնված 19 հազար 570 աղջիկներից 950-ը անվանակոչվել են Նարե անունով, 823-ը՝ Մարի, 683-ը՝ Մանե, 678-ը՝ Միլեն, 556-ը՝ Անի: 22 հազար 200 տղա երեխաներից 1410-ին ծնողները Դավիթ անվամբ են կնքել, 1163-ին՝ Նարեկ, 693-ին՝ Գոռ, 603-ին՝ Հայկ, 600-ին՝ Ալեքս: 2004, 2005, 2009 թվականներին իգական անուններից առաջատարը Անի-ն էր, 2012-ին չորրորդ հորիզանականում էր Նարե և Մանե անունները, որոնք 2003-ին 16-րդ տեղում են եղել, սակայն հետագայում առաջնային տեղեր են զբաղեցրել, 2012-ին և 2013-ին Նարեն ամենատարածված անունն է, Մանե-ն առաջնային էր 2010 թ.-ին: Արական անուններից և 2002-ին, և 2012-ին, և 2013-ին ամենատարածվածը մնում է Դավիթ անունը, իսկ միջանկյալ տարիներին առաջատարը եղել է Նարեկ-ը: Հոգեբաններական տեսակետ կա, ըստ որի՝ այն հնչյունախումբը, որով կոչվում ենք, հետաքրքիր ու ուշագրավ է միայն նոր միջավայրում: Հետո այն դառնում է ընդամենը մեր` մարդկային, անձնային որակների պիտակը, որով տարբերվում ենք մյուսներից:
Մարդու անունը կարող է կերտել նրա ճակատագիրը. 2013թ.-ի ամենատարածված անունները