Հասարակություն գլխավոր 

Մինչ Գաբրիել Ղազարյանը սելֆի էր անում, երեխաները վնասվածքներ էին ստանում.Պատուհաս դարձած կիսամարաթոնը

Այսօր  Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպել էր կիսամարաթոն, որը միջոցառում դառնալու փոխարեն պատուհաս դարձավ քաղաքացիների համար: Երևանի կենտրոնի մի շարք փողոցներում մեքենաներն ու կիսամարաթոնի մասնակիցները խառնվել էին միմյանց, մասնակից երեխաներից ոմանք լացում էին ցավից՝ իրար վրա ընկնելով, վարորդներն ընդհանրապես տեղյակ չէին, որ որոշ ճանապարհներ փակ են լինելու, ինչի պատճառով խցանվել էին մի շարք կարևոր փողոցներ:

Analitik.am-ը փորձեց պարզել, թե ով է պատասխանատու այս խայտառակ վիճակի համար: Կազմակերպիչ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության հետ որևէ կերպ կապ հաստատել չհաջողվեց: Այնտեղ կամ անջատում էին հեռախոսը կամ էլ ուղղակի չեն պատասխանում զանգերին:

Վարորդներին պատճառած անհարմարությունների հետ կապված ՀՀ Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ  կիսամարաթոնի ընթացքում առաջացած վիճակի համար պատասխանատու է կազմակերպիչը. «Իրազեկումը պետք է անի կազմակերպիչը: Եթե միջացառում է անցկացվում, ոստիկանությունն ապահովում  է միջոցառման անվտանգությունը, սակայն քաղաքացիների իրազեկումը պետք է անի կազմակերպիչը»: Մեր այն հարցին, թե արդյոք Սպորտի նախարարությունն իրազեկել է քաղաքացիներին, պատասխանեցին, որ տեղեկություն չունեն, սակայն դա միջոցառման կազմակերպիչի պարտականությունն է, և պետք է անեին:

Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունն այդպես էլ լուռ մնաց՝ շարունակելով  իր ջայլամային քաղաքականությունը: Եվ մինչ կազմակերպիչ կազմակերպության ղեկավարը՝ նախարար Գաբրիել Ղազարյանը, երջանիկ դեմքով PR լուսանկարներ էր անում Հանրապետության Հրապարակում և իր ֆոտոարխիվը հարստացնում, բազմաթիվ երեխաներ վնասվածքներ էին ստանում, մարդիկ աշխատանքից ուշանում, մասնակից երեխաների ծնողները պանիկայի մեջ ընկնում:

IMG_0874

Հետաքրքիր է նաև իմանալ, թե ինչքան գումար է ծախսել Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը՝ բնակիչներին այսքան անհարմարություններ պատճառելու և վնասներ տալու վրա:

Նույն շարքից