Հասարակություն 

Խորհրդարանական նոր մոդելի նպատակն է առավել թափանցիկ դարձնել մեր պետության կառավարումը. Ս. Սարգսյանի ելույթը ՝«Քարնեգի»-ում

նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում, հոկտեմբերի 1-ի մասնակցել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը: Միջոցառման ընթացքում նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Հաշվի առնելով հանրության լայն հետաքրքրությունը, Panorama.am-ը դիմել է «Քարնեգի» հիմնադրամին և ՀՀ նախագահի աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել հանդիպման ձայնագրությունը և թույլատրել դրա սղագրության հրապարակումը: Շնորհակալ ենք բոլոր պատասխանատուներին ընթերցողի ցանկությունը ու մեր խնդրանքը հարգելու և փակ ձևաչափով քննարկումն, ի վերջո, հանրությանը հասանելի դարձնելու իրենց որոշման համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Եվ ամենավերջում, կարծում եմ՝ ավելորդ չի լինի, եթե հակիրճ անդրադառնամ նաև Հայաստանում արդեն երկու տարուց ավելի ընթացող մի գործընթացի, որն էական ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի հետագա զարգացման ճանապարհին: Խոսքս Սահմանադրական բարեփոխումների մասին է, որը մենք սկսել ենք 2013 թվականից: Այսօր արդեն գործընթացը հասել է Խորհրդարանական քննարկումների փուլ: Նախանցած շաբաթ այնպիսի տպավորություն էր Հայաստանում, թե ողջ հասարակությունը դարձել է Սահմանադրության լուրջ մասնագետ. օրեր շարունակ խորհրդարանում ընթանում էին բուռն բանավեճեր, դրանք ուղիղ հեռարձակվում էին ողջ երկրով մեկ, և սահմանադրությունը դարձել էր հասարակականքաղաքական բոլոր մակարդակների օրակարգի թիվ մեկ թեման՝ անգամ բակերում և մարդկանց բնակարաններում: Այս համատարած ակտիվությունը մեզ, իհարկե, ուրախացնում է, և մենք շարունակելու ենք նման բաց ու ընդգրկող աշխատաոճը: Այժմ բուն գործընթացի մասին:

Մեր նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներն են.
երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը և իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության երաշխավորումը: Իմ կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած նախագծով փորձ է արվել լուծել իշխանության հակակշիռների զարգացման, իրավունքի և պատասխանատվության հավասարակշռման խնդիրները:

Ասեմ, որ հանձնաժողովի կողմից առաջարկվել է կառավարման նոր` խորհրդարանական մոդել, որի նպատակն է առավել թափանցիկ և ժողովրդավար դարձնել պետության կառավարումը: Փոփոխությունների նախագծով բարձրանում է խորհրդարանի և կառավարության դերը, էապես ավելանում են խորհրդարանական փոքրամասնության լիազորությունները, մեծացվում է հասարակության դերակատարությունը պետական կառավարման գործում, դատական իշխանության, դատավորի անկախությունն ապահովող և երաշխավորող նոր ինստիտուտներ են ներդրվում և այլն:

Օրերս՝ 2015թ. սեպտեմբերի 11ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց իր 2րդ նախնական եզրակացությունը, որտեղ մասնավորապես նշված է. «Հայաստանի սահմանադրական հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքը չափազանց բարձր որակի է և արժանի է աջակցության ու դրվատանքի: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության և արգասաբեր փոխանակումների մթնոլորտը շարունակական է եղել և հնարավորություն է ընձեռել սահմանադրական հանձնաժողովին պատրաստել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափանիշներին»:

Նման բարձր գնահատականն իրոք ոգևորում է մեզ: Այնուամենայնիվ, մենք փոփոխությունների ներկայացված նախագիծը չենք դիտարկում որպես դոգմա, պատրաստակամորեն քննարկումների շարք ենք անցկացնում քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և բոլոր շահագրգիռ անձանց հետ: Այս պահին մենք ստացված մեծաքանակ առաջարկությունների մշակման փուլում ենք, և ես սպասում եմ, որ փոփոխությունների վերջնական փաթեթը ինձ կներկայացվի արդեն մոտ ապագայում:

Նույն շարքից