Հասարակություն 

Ընտրություն՝ անկախության եւ ֆունտ ստեռլինգի միջեւ

Բրիտանական առաջատար երեք կուսակցությունները՝ Պահպանողականը, Լեյբորիստականը եւ Լիբերալ-դեմոկրատականը, դեմ են Շոտլանդիայի անկախացման դեպքում վերջինիս կողմից ֆունտ ստեռլինգի կիրառմանը:

The Daily Telegraph-ի տվյալով՝ ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը փետրվարի 13-ին Էդինբուրգում մտադիր է ելույթ ունենալ եւ ֆունտ ստեռլինգի գործածության հնարավորությունը կապել Միացյալ Թագավորությունում ընդգրկվածության հետ:

Նախկինում վարչապետ Դեյվիդ Քեմերոնը շոտլանդացիներին Մեծ Բրիտանիայի կազմում մնալու կոչ էր արել, քանի որ անջատման դեպքում կարող է տուժել ողջ Թագավորությունը:

Սակայն նշվում է, որ Էդինբուրգը ֆունտ ստեռլինգ կարող է գործածել նաեւ առանց Լոնդոնի համաձայնության, ինչպես Պանաման, Սալվադորն ու Էկվադորն են ամերիկյան դոլարն օգտագործում առանց ԱՄՆ-ի համաձայնության, հայտնում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Guardian-ը:

Հարկ է նշել, որ իրավիճակից դուրս գալու եւս երկու միջոց կա. առաջինը եվրագոտուն միանալն է, սակայն «կելտական վագրի»՝ Իռլանդիայի կրախից հետո այդ ուղիով ընթանալու ցանկությունը կարող է մարել:

Բացի այդ, Շոտլանդիան հնարավորություն կստանա անցում կատարել սեփական արժույթի եւ սեփական տոկոսադրույքների ձեւավորմանը, սակայն նոր կառավարությունը պետք է ստանա շուկայի վստահությունը, ինչը Բրիտանիայից ավելի բարձր տոկոսադրույքներ է ենթադրում:

Նույն շարքից