Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ ծխախոտի գնի բարձրացումը պատճառ լինել չի կարող, որպեսզի մարդիկ սկսեն չծխել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ծխախոտի գնի թանկացման մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ընդհանուր առմամբ, սոցիոլոգի գնահատմամբ, Հայաստանում ծխողների թվաքանակը կրճատվել է:
«1987 թվականին հարցում ենք արել, հասուն տղամարդկանց 70%–ը ծխում էր: Իսկ հիմա այդ թիվը 50%-ի մոտ է»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը, ավելացնելով, թե այլ երկրների համեմատ Հայաստանում ծխախոտն ամենաէժանն է։
Խոսելով ծխող կանանց մասին, սոցիոլոգն ասաց, թե այն կանայք են ծխում, ովքեր ունեն այնպիսի աշխատավարձ, որ կարողանում են իրենց թույլ տալ ծխախոտ գնել:
«Նրանք սովորաբար ինքնուրույն են լինում և «թքած» են ունենում հանրային կարծիքի վրա»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:
«Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, անդրադառնալով ծխախոտի թանկացմանը, ասաց, թե ինքը դեմ է, որ թանկացնելով փորձեն պայքարել ծխելու դեմ:
«Այդպիսով ծխող մարդու երեխաներն են տուժելու: Պետք է այլ տարբերակներ որոնել, ու դրա համար լավագույն տարբերակը առողջ ապրելակերպն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գնի ավելացմանը, ապա Արմեն Պողոսյանի գնահատմամբ, դրա համար կան օբյեկտիվ պատճառներ։
«Գազի գինը սահմանվում է Կրեմլում, և մենք այստեղ անելիք չունենք»,-ասաց նա: