Լեզվի պետական տեսչությունը չի կարող իր գործառույթն իրականացնել, երբ երկրում չկա լեզվական քաղաքականության գործողությունների ծրագիր. այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեի կողմից «Լեզուն հայրենիք է. պետություն և լեզվաքաղաքականություն» խորագրով կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը։
Ըստ նրա, տեսչությունը որևէ գործառույթ չունի սաստելու ամեն քայլափոխի հանդիպող լեզուն խեղաթյուրող գործատուներին, ովքեր իրենց ռեստորանը, սրճարանն ու գեղեցկության սրահն անվանում են օտարալեզու անուններով։
«Տվյալ դեպքում նմանվում ենք այստեղ և այնտեղ կրակներ հանգցնող կառույցի և ոչ թե լուրջ լեզվով զբաղվող կառույցի»,- ասաց նա։
Մարինե Հովյանը նշեց, թե Լեզվի պետական տեսչության հայերենի տերմինաբանական խորհուրդը փակուղի է մտել, քանի որ նրա որոշումները դարձել են ոչինչ։
«Մենք փորձ արեցինք, որպեսզի Կրթության և գիտության նախարարը գոնե հաստատի տերմինաբանական խորհրդի որոշումները, բայց պարզվեց նախարարությունն էլ չունի այդպիսի իրավասություն հաստատելու և, բնականաբար, ընթացք չի տրվում որոշումներին»,- ասաց նա։
Ըստ Մարինե Հովյանի՝ Կառավարությունն սկսել է տեսչական բարեփոխումների գործընթաց։ «Հիմա դրվել են այլ պահանջներ, նշում են, թե ամբողջ աշխատանքը ոչ թե տուգանքներով պետք է չափել, այլ արդյունքների և պետք է ոչ թե գրպանին խփել, այլ իրազեկել, որ հասկանան, որ ավելի հայեցի է ռեստորանին, գեղեցկության սրահին տալ հայերեն անվանում»,- նշեց նա։
Մարինե Հովյանը նշեց, թե Լեզվի պետական տեսչությունն անգամ ստուգումներ անցակցնելու իրավունք չունի։ «Այն ժամանակ ունեինք և դատարանում շատ դեպքերում շահում էինք, այսօր՝ ոչ, ինչո՞ւ, որովհետև պարզվել է՝ պետությունը վերահսկում է գույքային շահը, իսկ մերը ոչ գույքային է, լեզուն ոչ գույքային է, և Վարչական դատարանը տնտեսվարողի շահն էր պաշտպանում և ոչ թե պետական շահը»,-հայտարարեց նա։
Լեզվի պետական տեսչության պետի տեղակալը նշեց, որ իրենք նույնիսկ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն են առաջարկել, սակայն Էկոնոմիկայի նախարարության բացասական եզրակացությունը թույլ չի տվել նախագիծն ԱԺ մտնի՝ պատճառաբանելով, որ այն կարող է խանգարել օտարերկրյա ներդրողներին։
«Մի բարձրաստիճան պաշտոնյա նույնիսկ ասաց, որ եթե մի լեզու, որը խանգարում է բիզնեսին, պետք է մտածել այդ լեզվի մասին»,- նշեց նա։
«Տվեք այդ դավաճանի անունը»,-տեղից արձագանքեց գրականագետներից մեկը, ինչը, սակայն, տեսչության պաշտոնյան չարեց։
Հարցրեցին, թե ցուցանակը պաստառը, հոլովակը գույք չէ՞, Մարինե Հովյանը պատասխանեց, թե իրենք ոչ թե ցուցանակ են վերահսկում, այլ ցուցանակում թույլ տրված սխալները։
Տեղից շարունակեցին դժգոհել տեսչության աշխատանքից, թե «что где когда» խաղը գույքայի՞ն է։ Մեկ այլ անդամ պարզեց ձեռքի ցելոֆանե տոպրակը, ցույց տալով, որ Մաշտոցի պողոտան, դարձրել են «Պրոսպեկտ»։
Նրանք հեգնում էին, թե ուրեմն եկեք որոշենք, որ լեզուն գույք է, որպեսզի հնարավոր լինի պահպանել այն։