Հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանագոտում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերն է ներկայացրել Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը վեդիայի Թագավորության ԱԳՆ պատվիրակությանը։
Դավիթ Տոնոյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության ԱԳՆ պատվիրակությանը` Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետի տեղակալ, տիկին Թերեզ Հայդենի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ Վրաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտիկա Քուիքը եւ ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մյորթեն Էնբերգը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով համագործակցության ներկա ընթացքն ու հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարեւորվել է համագործակցությունը ինչպես Եվրոպական Միության շրջանակներում, այնպես էլ ՆԱՏՕ-ի գործընկերության ձեւաչափով: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրելու միջազգային խաղաղապահության, հումանիտար ականազերծման, կրթության ու վարժանքի եւ այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Շվեդական կողմի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանագոտում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերը: Զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում իրադրության սրման, խոշոր տրամաչափի զինատեսակների օգտագործման, բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ եւ վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը: