Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:
«Ցանկացած մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել. սա շատ մարդկային և հասկանալի իրողություն է»,- ասաց Շարմազանովը:
Ըստ Շարմազանովի`ի տարբերություն երկրորդ նախագահի մեկ հարցանոց հարցազրույցի, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունում չկային վերամբարձ բառեր, կար միջազգային փորձ, տեսլական և հանձնաժողովի աշխատանքի գնահատական: «Երկրորդ նախագահի հարցազրույցում կային և գերակշռում էին ոսկեղենիկ հայերենով գրված վերամբարձ արտահայտություններ», - ընդգծեց Շարմազանովը: Նրա կարծիքով`հարցազրույցն ուներ անկյունաքար:
«Չի կարելի փոխել սահմանադրությունը, որովհետև այն արատավոր համակարգի վերարտադրման գործիք է: Ուշադրություն դարձրեք «արատավոր համակարգի վերարտադրման գործիք» բառակապակցությանը: Հետաքրքիր է` ի՞նչ խաղի կանոնների պայմաններում և ե՞րբ է առաջացել այդ արատավոր համակարգը:
Հետաքրքիր է, ոչինչ չփոխելով ինչպե՞ս պետք է վերանա այդ արատավոր համակարգը, եթե դա իսկապես այդպես է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը: Հարցին, թե ի՞նչ սև կատու է անցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, Շարմազանովը պատասխանեց. «Ես սև կատու չեմ տեսել, ես գնահատականներ հնչեցրեցի: Չգիտեմ` ով ում դեմ է դուրս գալիս, բայց ՀՀԿ-ի գնահատականներն անձերին ուղղված չեն»:
Տեսանյութը՝ 1in.am-ի: