Հայաստան Քաղաքական 

ՀՀ բյուջեն կախված է Վարդանի ՌԴ մեկնելո՞ւց

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԿԲ դրամավարկային ծրագրի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, ասաց որ երբ ԿԲ ներկայացուցիչները, կառավարության ներկայացուցիչները խոսում են դրամավարկային քաղաքականության, ՀՀ տնտեսության, տնտեսական զարգացման մասին, հարց է առաջանում. «Իրո՞ք, Հայաստանում կա տնտեսություն, տնտեսական զարգացում ու դրամավարկային քաղաքականություն»:

Նրա խոսքով՝  կա երկու մեծություն՝ բյուջե և Հայաստան ուղարկվող տրանսֆերտներ, և բյուջեի եկամտային մասի առյուծի բաժինը կազմում են հենց մասնավոր տրանսֆերտները:

Փաշինյանը փորձեց պատկերավոր բացատրել. Հայաստանի քաղաքացի Վարդանը մեկնում է Ռուսաստան` արտագնա աշխատանքի, և ամեն ամիս գումար է ուղարկում կնոջը:Վարդանի կինը խանութից գնում է ձեթ ու շաքար, և գործարքի պահին խանութը ՀԴՄ կտրոն է տպում, որից հարկ է վճարվում բյուջե: Ուսուցիչն այդ գումարից ստանում է աշխատավարձ, մտնում խանութ, գնումներ կատարում, դարձյալ հարկ մուծում:

«Եթե Ռուսաստան գնացած մեր պայմանական Վարդանը կնոջը գումար չուղարկի, ապա հարկային մուտքեր չեն առաջանա: Այսինքն` Վարդանը պարտադիր պետք է մեկնի Ռուսաստան ու կնոջը գումար ուղարկի, որ Հայաստանը բյուջե ունենա: Ստացվում է, որ երկրի տնտեսական վիճակը կախված է ոչ թե կառավարության, ԿԲ-ի վարած քաղաքականությունից, այլ նրանից, թե Վարդանը Ռուսաստանից կամ Եվրոպայից ինչքան փող կուղարկի իր կնոջը: Սա է մեր ամբողջ տնտեսություն կոչվող համակարգը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Նույն շարքից