Հասարակություն 

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մեկնել է Թբիլիսի (լուսանկարներ)

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլու հրավերով, աշխատանքային այցով մեկնել է  Թբիլիսի:

Այս մասին ՀՀ ոստիկանության մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «Հայկական պատվիրակությանը  դիմավորեց նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, ինչից հետո Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անունից ծաղկեպսակ դրվեց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված վրաց ոստիկանների հուշակոթողին:

Այնուհետև տեղի ունեցավ  ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մղեբրիշվիլու հանդիպումը՝ հայկական պատվիրակության անդամների մասնակցությամբ:

Իրավապահ կառույցների ղեկավարները քննարկեցին փոխգործակցության ներկա վիճակն ու հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ:

Կողմերը գոհունակություն հայտնեցին արդեն ավանդական դարձած գործընկերային հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ և ընդգծեցին, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ վերջին տարիներին սկզբունքորեն նոր որակի բերված ամենօրյա համատեղ աշխատանքը ամրապնդելու համար:

Առարկայական ու շահագրգիռ քննարկման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու գերատեսչություններում ընթացող բարեփոխումների ընթացքի և  լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ: Որոշվեց շարունակել ու խորացնել ակտիվ աշխատանքը կոնկրետ ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ, այդ թվում՝ մի շարք ծառայությունների ներկայացուցիչների փոխայցելությունների միջոցով:

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մղեբրիշվիլին համոզմունք հայտնեցին, որ երկու բարեկամ երկրների ոստիկանական կառույցների գործընկերությունն այսուհետ էլ կշարունակվի իրավապահ ուժերի և կարողությունների փոխշահավետ ինտեգրման ու հանցավորության դեմ համատեղ պայքարի խորացման ավանդական ճանապարհով»:

38 37 35

Նույն շարքից