Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Շարմազանովը Ռ. Ջաղինյանին առաջարկեց հոգևոր հաղորդումներ ընդգրկել հանրային հեռուստառադիոընկերության եթերում

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը` ներկայացնելով 2014 թ-ի գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, ասաց, որ Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությունը:

«Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է մեծացնել սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական հաղորդումները, ինչպես նաև մեծացրել է հայրենական արտադրության փաստավավերագրական ֆիլմերի արտադրությունը»,- ներկայացրեց Ջաղինյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին առաջարկեց հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների մեջ ընդգրկել հոգևոր հաղորդումներ:

«Հանրային հեռուստաընկերության գործառույթների մեջ պետք է մտնի նաև քաղաքացիների հոգևոր դաստիարակությունը: Գոհ ենք, որ կա «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որը Մայր Աթոռի օժանդակությամբ իրականացնում է հոգևոր հաղորդումների հեռարձակումը բայց համաձայնեք, որ Շողակաթը չունի հեռարձակման լավ տիրույթ, որ ունի Հանրային հեռուստառադիոընկերությունը: Այդ կապակցությամբ ունեմ առաջարկ. հնարավո՞ր է 2016 թվականին ընդգրկել Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների ցանկում հաղորդումներ, որտեղ մեր հոգևոր հայրերը կներկայացնեն Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը և ինչու չէ նաև երևելիները պատմությունները»,- առաջարկեց Էդուարդ Շարմազանովը։

Ջաղինյանն ընդունեց Շարմազանովի առաջարկը և խոստացավ այդ ուղղությամբ աշխատանքներ տանել և նման հաղորդումներ ընդգրկել հաղորդումների մեջ:

Նույն շարքից