Հայաստան Քաղաքական 

Բամփվում են նրանք, ովքեր դրա կարիքն ունեն․ Գալուստ Սահակյան

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը, ըստ որի` նա կտրուկ դեմ է սահմանադրական փոփոխություններին:

«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի երկրորդ նախագահն է և պետք է իր տեսակետն ասեր: Ասել է»,- նշեց Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով «արատավոր համակարգին» վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած մտքերին՝ ԱԺ նախագահն ասաց. «Եթե համակարգն արատավոր է, բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք, բայց չեմ կարծում, որ համակարգն այնպիսին է, որ կարելի է նման գնահատականներ տալ»: Լրագրողներից մեկի հարցին՝ ե՞րբ է առաջացել արատավոր համակարգը, ԱԺ նախագահը կատակեց. «Երբ որ դու արդեն սկսեցիր զբաղվել լրագրությամբ»:

Մեկ այլ հարցին, թե հնարավո՞ր է, որ 2018-ի ընտրություններում ՀՀ երկրորդ նախագահը ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվի, Գալուստը Սահակյանը պատասխանեց, որ նման քննարկումներ իրենց մոտ չեն եղել: «Բայց ՀՀԿ-ն իր քայլերով արդեն կանխորոշել է, որ ինքն առաջիկա մրցակցություններում կարող է դերակատարը չլինել, բայց, բնականաբար, ընտրություններին պիտի մասնակցի»,– ասաց նա:

Հարցին` տպավորություն չունի՞, որ Ռոբերտ Քոչարյանը դառնում է շարքային ընդդիմադիր, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ, նման տպավորություն չունեմ, որովհետև ընդդիմադիր դառնալու համար նախ պետք է հայտարարել: Քոչարյանը որևէ կուսակցության ներկայացուցիչ չէ, թիմ չունի, վաղ է խոսել հաջորդ նախագահի թեկնածության մասին»:

Այն հարցին, թե վտանգ տեսնո՞ւմ եք` դեմս Քոչարյանի, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հայը հայից վտանգ չի սպասում, Հանրապետականը որևէ քաղաքական ուժի հետ պատերազմելու որևէ նպատակ չունի»:

Հարցին` իսկ ինչո՞ւ «պատերազմեցին» Ծառուկյանի դեմ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանի հետ պատերազմ եղավ. ինչպիսի կեցվածք ուներ պետության ներսում, նույն ձևով էլ պահպանվել է»:

Իսկ այն հարցին` կարո՞ղ է մի օր էլ որոշեն Ռոբերտ Քոչարյանին «բամփել», Գ.Սահակյանը պատասխանեց. «Մենք երբևիցե նման բան չենք որոշում: Բամփվում են նրանք, ովքեր դրա կարիքն ունեն»:

Նույն շարքից