Երեքշաբթի երեկոյան Գերմանիայում՝ Համբուրգում և Բրաունշվեյգում փախստականների ընդունման 2 հաստատություններում տարբեր երկրներից ներգաղթյալների մասնակցությամբ տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին:
Համբուրգում ծեծկռտուքին մասնակցել են մոտ 30 ալբանացի և աֆղան: Կիրառվել են մետաղյա ձողեր: Տուժել է 5 մարդ, ձերբակալվել է ծեծկռտուքի 3 մասնակից:
Բախումների պատճառը եղել է բուժկետում Ալբանիայից և Աֆղանստանից 2 ներգաղթյալների միջև բռնկված վեճը:
Բրաունշվեյգում ծեծկռտուքին մասնակցել է մինչև 400 փախստական Սիրիայից և Ալժիրից: Տուժածներ չկան:
Ոստիկանությունը մոտ 60 իրավապահի է ներգրավել իրավիճակը կարգավորելու համար: