Այսօր՝ հոկտեբմերի 8-ին, կառավարության նիստում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշման նախագիծ։
Ներկայացված նախագծի համաձայն՝ Երևանի Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող՝ 169.700 դրամ սկզբնական արժեքով 3910.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը կնվիրաբերվեն «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին:
Արման Սահակյանը նախագիծը ներկայացնելու ընթացքում նկատողություն ստացավ վարչապետ հովիկ Աբրահամյանից։ Վերջինս ասաց, որ այնպես պետք է ներկայացնել նախագիծը, որ լսողներն ամեն ինչ հասկանան:
«Հանրակացարան են ուզում, որ բժշկական համալսարանն ունենա, որպեսզի Հնդկաստանից ուսանողները գան և կարողանան այնտեղ ապրել: Պարզ պիտի բացատրեք, որ մարդիկ իմանան: Ամեն անգամ բոլորիդ ասում եմ նույն բանը: Դե ասա, ծրագրի մասին խոսի, հիմա մարդկանց մտքներով ի՞նչ պետք է անցնի, որ ինչի՞ համար են վաճառում: Բացատրեք, որ խնդիր է դրված նախագահի կողմից, որ այդ հարցը լուծվի: Պիտի ասե՞ք, թե՞ չէ, Արմա'ն, ես չեմ հասկանում էլի, ալարում ե՞ք խոսել»,- նեղսրտեց Հովիկ Աբրահամյանը:
Արման Սահակյանից հետո զեկուցում էր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով շատ հասկանալի բացատրեց որոշման նախագիծը: Վարչապետը կրկին հիշեց նախորդ զեկուցող Արման Սահակյանին: «Բա ինչո՞ւ պարոն Սահակյանն այդպես չի զեկուցում»,- ակնարկեց նա:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետը նկատողություն է անում Արման Սահակյանին։ Նախկինում ևս մի քանի անգամ ակնարկել է Արման Սահակյանին, որ որոշման նախագծերը հարկավոր է հասկանալի ներկայացնել: