Բրազիլիայի դաշնային Վերահսկիչ պալատը երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի գործունեության մեջ հայտնաբերել է օրենսդրական խախտումներ՝ հայտնում է korrespondent.net-ը:
Խախտումները թույլ են տրվել բյուջետային փաստաթղթերի ձևակերպման ժամանակ, ինչի կապակցությամբ Վերահսկիչ պալատը խորհրդարանին առաջարկել է կառավարության անցյալ տարվա ֆինանսական հաշվետվությունը ճանաչել անվավեր: Փորձագետների կարծիքով՝ դա կարող է հող դառնալ երկրի նախագահի նկատմամբ իմփիչմենթ հայտարարելու համար:
Որոշման համաձայն՝ Ռուսեֆը կեղծել է բյուջեի թվերը՝ ծածկելու համար աճող ֆինանսական դեֆիցիտը:
Որոշումը հայտարարելուց հետո ընդդիմադիր պատգամավորները ծափահարել են և գրկախառնվել: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը կարող է սկիզբ դնել Ռուսեֆի կառավարման ավարտին:
Սակայն գլխավոր դատախազ Լուիս Ադամսը լրագրողներին ասել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը: «Խաղը դեռևս չի ավարտվել»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայում հետաքննություն է սկսվել նախագահ Ռուսուֆի վերջին ընտրարշավի ֆինանսավորման հնարավոր խախտումների վերաբերյալ: