Հասարակություն 

Բոլոր երևանցիներին մաղթում եմ միջանձնային բարեկամություն և սեփականատիրոջ վերաբերմունք մեր մեծ տան՝ մեք քաղաքի, մեր սիրելի Երևանի նկատմամբ. ԱՐՏ ՖԵՍՏ երիտասարդական փառատոնի նախագահ

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Էրեբունի-Երևան»-ը հագեցած է մշակութային տարաբնույթ միջոցառումներով, որին իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում նաև ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի դերասանները: Տոնին ընդառաջ մենք զրուցեցինք ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի տնօրեն, Արտ–Ֆեստ երիտասարդական փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանի հետ:

-Ձեր կարծիքով «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առանձնահատկությունը ո՞րն է:

-Կարծում եմ, ցանկացած տոնակատարության բուն նպատակը ջերմ ու բարի տրամադրություն հաղորդելն է։ Ինչ վերաբերում է «Էրեբունի-Երևան»-ին, իմ խորին համոզմամբ, այն իսկապես սպասված տոն է, ընդ որում ոչ միայն երևանաբնակների, այլև այս օրերին մեր քաղաքում գտնվող թե՛ մեր մյուս հայրենակիցների և թե՛ օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Սա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի տոնն է։ Ամենատարբեր առիթներով մենք աշխարհին ներկայանում ենք որպես հնագույն մշակույթ և քաղաքակրթություն ունեցող երկիր։ Եվ այդ տեսանկյունից է հատկապես շատ կարևոր, որ մայրաքաղաքի տոնը նշվի ամենաբարձր մակարդակով։ Ի դեպ, մենք ունենք մարզերից ուսանողներ, երիտասարդներ, ովքեր սովորում և աշխատում են Երևանում ու նրանք ևս մասն են այս տոնախմբության։

Ինձ համար «Էրեբունի-Երևան»–ը սերունդների բարեկամության և համագործակցության լավագույն խթանման լավագույն հնարավորություն է նաև: Կազմակերպչական աշխատանքներում ներգրավված են տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ 6-7 տարեկան երեխաներից մինչև ավագ սերնդի մեր գործընկերները։

- «Իմ ջերմ ու բարի քաղաք» կարգախոսի մասին ի՞նչ կասեք:

-Ընտրվել է հիանալի կարգախոս, որն արտահայտում է տոնի գաղափարական բովանդակությունը: Մեր քաղաքը տարբեր իմաստներով մշտապես ջերմ է ու բարի, այդ թվում նաև կլիմայական պայամաններով՝ մշտապես ջերմ է ու արևոտ։ Վստահ եմ, որ Երևանն իր ջերմությունը փոխանցում է ոչ միայն երևանաբնակներին, այլև ողջ հանրապետությանը՝ միջացառման մասնակցության շրջանակում ընդգրկելով նաև մարզաբնակներին: Ճիշտ է, մենք նշում ենք մայրաքաղաքի տոնը, բայց հետևելով ծրագրին նկատում ենք, որ այն ներկայացնում է հայկական մշակութային տարրերի ընդհանրական պատկերը։

-Երևանյան ի՞նչ հիշողություն ունեք, որով կկիսվեք մեզ հետ:

-Չնայած երիտասարդ տարիքիս՝ երևանյան հիշողություններս բազմաբովանդակն են ու հետաքրքրիր: Իմ կապը քաղաքիս հետ անընդհատ է։ Երևանյան ջերմություն ասելիս ես միշտ իրար եմ կապում ներկան, անցյալը և ապագան ու, ինչպես կասեր Ֆորշը՝ իր «Զբոսանք Երևանով» երգում, «Մանկության պայծառ օրեր, ես գիտեմ դուք չեք կորել, այսօրվա կողքին կա երեկվանը։ Այս քաղաքը տունն է իմ, որքան նոր, այնքան էլ հին հուշերի քաղաք է Երևանը»։ Արդեն 10 տարուց ավելի է գործունեություն եմ ծավալում մշակույթի ոլորտում ու կազմակերպում եմ մշակութային տարաբնույթ միջոցառումներ՝ փառատոններ, համերգային ծրագրեր, թատերականացված բեմադրություններ և այլն։ Ու ամեն փոքր թե մեծ ձեռքբերում, նախևառաջ, համարում եմ մարդկային ջերմության և սիրո արդյունք: Հետևաբար բոլոր երևանցիներին մաղթում եմ միջանձնային բարեկամություն և սեփականատիրոջ վերաբերմունք մեր մեծ տան՝ մեք քաղաքի, մեր սիրելի Երևանի նկատմամբ։

Մանրամասները` Orer.am կայքում:

Նույն շարքից