Հայաստան Քաղաքական 

Է․ Վարդանյանը մի քանի գործուղումների է մասնակցել, որոնց մասին կուսակցության նախագահին տեղյակ չի պահել․ Վ․ Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Էլինար Վարդանյանին հեռացնելու որոշումը պայմանավորված է եղել նրա կուսակցական պասիվ գործունեության, քվեարկությանը չմասնակցելու հետ: ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Պատգամավորը նշեց, որ եթե քվեարկությանը չմասնակցելով՝ պատգամավորն իր կարծիքն է հայտնել, որը տարբերվել է խմբակցության դիրքորոշումից, թող «քվեարկությամբ արտահայտեր իր թեկուզ տարբերվող կարծիքը»:

«Երկար ժամանակ Էլինար Վարդանյանի կողմից եղել է բավական պասիվ գործունեություն խորհրդարանում: Պետք է փաստեմ, որ ԲՀԿ-ում քննարկված հարցը՝  անդամակցության կասեցման մասին, եղել է փաստարկված որոշում՝ Էլինար Վարդանյանի՝ կուսակցական աշխատանքներին, մեղմ ասած, պասիվ մասնակցություն պատճառով»,- նշեց պատգամավորը՝ շեշտելով, որ կուսակցությունում և խմբակցությունում բոլորը պետք է առաջնորդվեն ներքին կազմակերպվածությամբ, ծրագրային դրույթներով:

Վահե Էնֆիաջյանը հայտնեց, թե մի քանի գործուղումներ են եղել, որոնց Էլինար Վարդանյանը մասնակցել է և կուսակցության նախագահին, քարտուղարին տեղյակ չի պահել:

«Եթե գնում է գործուղման և տեղյակ չի պահում, նորմա՞լ եք համարում, չեք կարծո՞ւմ, որ այսկերպ աշխատանքային կուլտուրան ոտնահարվում է»,- նշեց նա:

Իսկ այն հարցին, թե արդյո"ք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չէ կապված Էլինար Վարդանյանին կուսակցությունից հանելու և մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Մարգարյանին հանձնաժողովներում ներկայացվելու հնարավորությունից զրկելու ԲՀԿ որոշումը՝  Էնֆիաջյանը պատասխանեց՝  որ այս իրադարձությունները կապ չունեն երկրորդ նախագահի հետ:

Նույն շարքից