Հասարակություն 

ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում ավելի քան 20 մլն ստրուկ կա

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 68-րդ նստաշրջանի նախագահ Ջոն Վ. Էշը հայտնել է, որ այսօր ավելի քան 20 մլն մարդ ստրկության ժամանակակից տեսակների զոհն է, գրում է Корреспондент-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Լրատվական կենտրոնին։

 

«Յուրաքանչյուր տարի հարյուր հազարավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ առևանգվում են և վաճառվում ստրկության։ Մարդկանց վաճառքը գլոբալ խնդիր է և վերաբերում է աշխարհի գրեթե բոլոր երկրներին։ Այս անմարդկային գործունեությունը շարունակում է ծաղկել, մեծամասամբ՝ երկրների միջև տնտեսական հսկայական անհավասարության, միջազգային սահմանների միջով աշխատուժի և ապրանքների հոսքի աճի, ինչպես նաև կազմակերպված հանցավոր ցանցերի մեծացման պատճառով»,- նշել է Ջոն Վ. Էշը։

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ստրկության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ իր հաղորդագրությունում ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում որոշիչ քայլեր են ձեռնարկվում ստրկության դեմ պայքարի հարցում, այդ թվում նաև ներքին օրենսդրության խստացման միջոցով։

 

Ավելի շատ ընկերություններ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի իրենց գործունեությունը չառաջացնի ժամանակակից ստրկության տեսակներ։

Նույն շարքից