Հայաստան Միջազգային Քաղաքական 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Անտոնիի գործընկերոջ հետ

Երևանի քաղաքապետի հրավերով «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան-Իվ Սենանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Երևանի օրը միասին տոնելու հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը նկատել է, որ Անտոնիի քաղաքապետի այցը նաև հրաշալի առիթ է փոխադարձ գործընկերային կապերն ամրապնդելու համար:

«Ֆրանսիական մի շարք քաղաքների հետ Երևանն այսօր համագործակցում է սերտորեն, որի շնորհիվ իրականացվել ու իրականացվում են համատեղ բազմաթիվ կարևոր ծրագրեր: Ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ մեր սերտ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տվել տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, ինչը նաև լրացուցիչ խթան է դառնում նորանոր ծրագրերի քննարկման ու դրանք կյանքի կոչելու համար:

Իմ կողմից մշտապես կարևորվել է նաև Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը տարբեր պետությունների քաղաքների հետ, և ողջունելի է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ու Ֆրանսիայի Անտոնի քաղաքի միջև արդեն իսկ ստորագրվել է քույրացման արձանագրություն, որը, համոզված եմ, լավ մեկնակետ է՝ ամրապնդելու երկուստեք արդյունավետ փոխգործակցությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանն էլ, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար, առանձնակի կարևորել է գործընկերային կապերն առավել ամրապնդելու Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը՝ նկատելով, որ այն ամենակարևոր նախապայմաններից մեկն է Դավթաշեն վարչական շրջանի և Անտոնիի միջև հաստատված փոխգործակցությունը գործնական փուլ տեղափոխելու համար:

«Երևանում գտնվելն իսկապես հաճելի է, և պետք է ասեմ, պարոն քաղաքապետ, որ արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով: Եվ թեկուզ հենց այս տեսանկյունից մեզ համար իսկապես կարևոր են որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններ հաստատելը Երևանի հետ ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումները»,- նշել է Ժան-Իվ Սենանը:

Հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր հայազգի Պատրիկ Դևեջյանի և Անտոնիի Ֆրանս-հայկական միության ներդրումը երկկողմ հարաբերությունների սերտացման ու ամրապնդման հարցում։

Հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

011 012 013

Նույն շարքից