Առողջապահություն գլխավոր 

Չաշխատող մայրերին նպաստ ստանալու համար մի շարք նոր փաստաթղթեր են հարկավոր

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը լրագրողներին հայտնեց, որ չաշխատող մայրիկին նույնպես այսուհետ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ կտրվի /140 օրով/, ինչի հիման վրա էլ հետագայում նա նպաստ կստանա:

Նրա խոսքով՝ նպաստ ստանալու համար անհրաժեշտ է նաև ծննդօգնության պետական հավաստագիր ունենալ, ինչը կնպաստի, որպեսզի կինը հղիության վաղ ժամկետում նախազննության գնա:

«Մայրության նպաստը ստանում են միանվագ: Մայրության նպաստը կհաշվարկվի դիմում գրելու պահին կառավարության սահմանած նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով: Մայրության նպաստը չաշխատող մայրիկների դեպքում 2016-ի հունվարի 1-ի դրությամբ /հաշվի առնելով միջին աշխատավարձը/ կլինի 126 600 դրամ: Մեր տվյալներով` 2016-ին 300 000 չաշխատող մայրիկ կստանա մայրության նպաստ, որը կկազմի շուրջ 4 մլրդ դրամ: Ի դեպ, այս գումարն արդեն իսկ նախատեսված է 2016-ի պետական բյուջեում»,- ասաց Գալստյանը:

Չաշխատող մայրը նպաստ ստանալու համար անհրաժեշտ է․

1․ հղության 30 շաբաթականից հետո բժշկից վերցնի իր` անաշխատունակության թերթիկը,

2․ հաշվառված լինի պետական ռեգիստրում` ՀՀ բնակության վայրի հասցեով,

3․ ներկայացնի դիմում իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին,

4․ունենա անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ /բացակայության դեպքում` դրանից հրաժարվելու փաստաթուղթը/,

5․ ունենա ծննդօգնության պետական հավաստագիր:

Անահիտ Գալստյանը տեղեկացրեց նաև, որ ծննդօգնության պետական հավաստագիր չունենալու դեպքում նպաստ չի տրվի: Նպաստ չի տրվի նաև, եթե կինը չդիմի 140 օրում:

Նպաստ ստանալու համար հղիի փոխարեն համապատասխան փաստաթղթերը կարող է ներկայացնել նրա ընտանիքի անդամներից մեկը, անգամ` հարևաններից մեկը:

Անահիտ Գալստյանը հայտնեց նաև, որ եթե հղիությունն ընդհատվի մինչև 22 շաբաթական ժամկետում, կինը նպաստ չի ստանա, իսկ 22-ից հետո` կարող է ստանալ:

Փաստաթղթերը ներկայացնելուց հետո 1 ամսվա ընթացքում որոշում է կայացվում, և նպաստը վճարվում է:

Նույն շարքից