Դատախազությունը բողոքարկել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ Գորիսի «Սդղի գյոլում» 2015թ. մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ Դերենիկ Հակոբյանին ազատ արձակելու՝ դատարանի որոշումը: Այս մասին հայտնել են ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քննիչը նման միջնորդություն էր ներկայացրել դատախազին:
Նշենք, որ Դերենիկ Հակոբյանը հոկտեմբերի 5–ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 1 մլն գրավի դիմաց:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Սդղի գյոլ»-ում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ։ Քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներ Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը մի քանի այլ անձանց հետ միասին հարվածներ են հասցրել Հարություն եւ Մուշեղ Զաքարյաններին, ինչի հետեւանքով Հարություն Զաքարյանը կորցրել է տեսողությունը:
Յուրի Մանուչարյանին եւ Դերենիկ Հակոբյանին հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եւ նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։