Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից և Իտալիայից ավելի քան 120 կազմակերպություններ երեկ մասնակցում էին «Երևան» էքսպոկենտրոնում տեղի ունեցող «ՊանԱրմենիան Էքսպո 2015» վեցերորդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին, որը նվիրված է Էրեբունի-Երևանի 2797 ամյակին: Միջոցառման գլխավոր կազմակերպիչներն են ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ Էքսպո» ընկերությունը: Այս մասին հայտնում է «Երևան, երևանցիներ» ֆեյսբուքյան էջը:
Ցուցահանդեսին ներկայացված էին առողջապահության, արդյունաբերության, բեռնափոխադրումների, գյուղատնտեսության և սննդարդյունաբերության, ծառայությունների, հրատարակչության և կահույքագործության ոլորտները: «ՊանԱրմենիան Էքսպո 2015» ցուցահանդեսի նպատակն է հայրենական արտադրանքի ճանաչողականության և պահանջարկի բարձրացումը, Հայաստանի և սփյուռքի տնտեսական, մշակութային, գիտատեխնիկական կապերի ամրապնդման և զարգացման համար գործարար հարթակի ստեղծումը, հայրենական արտադրանքի արտահանմանը խթանելը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը:
Հայ և արտասահմանցի մի շարք գործարարներ տարբեր տաղավարներում փորձել էին հնարավորինս պատկերավոր ներկայացնել իրենց արտադրանքը, որպեսզի գրավեին ոչ միայն ցուցահանդեսին եկած այցելուների, հյուրերի, այլև մեկը մյուսի ուշադրությունը՝ հետագա համագործակցության և ինչո՞ւ չէ, առողջ մրցակցության նպատակով: Մենք էլ որոշեցինք շրջել այդ տաղավարներով և ծանոթանալ մասնակից կազմակերպություններին ու նրանց արտադրանքին: Նշենք, որ նրանցից շատերը դեռ նոր-նոր էին առաջին քայլերն անում շուկայում, ոմանք էլ սպառողին արդեն հայտնի էին իրենց արտադրանքով:
Այսպես, շատերին հայտնի «MOKS IMPEX» ընկերությունն այս անգամ ներկայացել էր իր նոր՝ «Mister Jin» ապրանքանիշով, որը դեռ մեկ տարի է՝ ինչ շուկայում է. «Երևանյան շուկայում մենք արդեն 1000-ից ավելի վաճառակետեր ունենք: «Mister Jin»-ը ներկայացնում է հիմնականում մաքրող և ախտահանող միջոցներ, բայց մտադիր ենք հետագայում ընդլայնել տեսականին: Մեր նպատակն է սպառողին ներկայանալ մշտապես բարձրորակ ապրանքատեսականիով, զարգացնել հայրենական արտադրությունը, ինչպես նաև խթանել աշխատատեղերի ավելացմանը»,- մեզ հետ զրույցում ասաց «Mister Jin»-ի տարածքային մենեջեր Հրաչյա Մկրտումյանը:
Մի քանի տաղավար այն կողմ՝ փոքրիկ անկյունում, ներկայացված էր նաև «Էբրիկոտ» ընկերությունը, որի հիմնական աշխատակիցները հաշմանդամություն ունեցող անձինք են: Վերջիններս ցուցադրել էին իրենց ձեռագործ աշխատանքները. «Մեր ընկերությունը Վանաձորում է գտնվում: Ներկայումս զբաղվում ենք փայտամշակմամբ, ունենք նաև արծաթագործության բաժին: Այսօր այստեղ ցուցադրված են հիմնականում սառնարանների համար նախատեսված մագնիսներ, կուլոններ՝ հայ մեծերի դիմանկարներով, ունենք կուլոններ նաև մուլտհերոսների պատկերներով, ինչպես նաև տարբեր հուշանվերներ: Նշեմ, որ ընկերությունն արտադրում է նաև հայկական տարազներ, որոնք հիմնականում պարային խմբերի համար են նախատեսված»,- ասաց «Էբրիկոտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը:
Ցուցահանդեսին լայնորեն ներկայացված էին նաև գյուղատնտեսության ու սննդարդյունաբերության ոլորտները: Արդեն շատերի սիրելին դարձած «Золотое поле» ապրանքանիշը դեռ հեռվից գրավում էր իր չիպսերի ու արևածաղկի լայն տեսականիով: Տաղավարում ներկայացված էր նաև Ղարաբաղի թթի դոշաբը, որն արդեն 10 տարի է՝ շուկայում է և իր որակի շնորհիվ առաջատար դիրք է գրավում:
Ցուցահանդեսին մասնակցում էր նաև «S & S» կազմակերպությունը՝ իր «Աղորիք» ապրանքանիշով: Ներկայացված էր բարձր որակի ալյուրից պատրաստված ավանդական արիշտայի, թաթարբորակու, մակարոնեղենի լայն տեսականի, որոնք արդեն 10 տարի է՝ շուկայում են. «Ասեմ, որ ունենք նաև բոված պատրաստի մակարոն, ինչը շուկայում նորություն է և շատ հեշտ է պատրաստվում: Ցուցադրված է նաև մեր ջրեղենի տեսականին՝ սառը սուրճ, սառը թեյ, գազով թան և այլն»,- նշեց կազմակերպության վաճառքի տնօրեն Գրիգոր Մաջարյանը:
Մի մեծ ու ընդարձակ տաղավարում էլ ներկայացված էր «Աստաֆյան» գինու-կոնյակի գործարանը՝ իր ալկոհոլային խմիչքների արտադրությամբ՝ կոնյակներով, մրգային գինիներով, մրգային օղիներով և այլն:
Մինչ «Մուլտի Ագրո» ընկերությունը պատրաստում էր ու վերջնական տեսքի բերում իր տաղավարը, ժամանեց նաև ընկերության գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը և ավանդույթի համաձայն՝ սկսեց սիրով ներկայացնել իրենց արտադրանքը: Մեզ հետ զրույցում նա նշեց՝ այդպիսի տարի չի եղել, որ չմասնակցի միջազգային այս ցուցահանդեսին. «Կարծում եմ՝ Աստծո կամոք է, որ ես կարողանում եմ այս տարիքում դեռևս աշխատել նախկին եռանդով և նույնությամբ կազմակերպել մեր կենտրոնի աշխատանքները: Արդեն 20 տարի մեր կազմակերպությունն իր ձեռքբերումներով մեծապես նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Մեր կենտրոնը, ինչպես գիտեք, զբաղվում է մեղվաբուծությամբ, տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, ձիաբուծությամբ, ինչպես նաև ունի կաթնամթերքի արտադրամաս, ջերմոցային մեծ տնտեսություն և այլն: Ես ոչ թե ուղղակի պաստառներ եմ բերում փակցնում այստեղ, այլ հենց արտադրանքն եմ ներկայացնում, որ հանրությունը համտեսի, հասկանա՝ մենք ինչ ենք արտադրում»,- նկատեց նա:
Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նույնպես շրջեց բոլոր տաղավարներով, զրուցեց տնտեսվարողների հետ, ծանոթացավ ցուցադրված արտադրանքին ու ոլորտում առկա խնդիրներին:
Նշենք, որ ցուցահանդեսը բաց է լինելու նաև հաջորդ երկու օրերին՝ ժամը 11:00-18:00-ն, իսկ հոկտեմբերի 11-ին տեղի կունենա փակման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ մասնակից կազմակերպությունները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով: «Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կա հատուկ հանձնաժողով, որը ցուցահանդեսի 4 օրերի ընթացքում հետևելու է աշխատանքների ընթացքին և տալու է համապատասխան գնահատականներ, որոնց հիման վրա էլ տրվելու են մրցանակները. «Բնականաբար մենք չենք կարող տալ որակի հավաստագիր, բայց որպես աչքի ընկած կազմակերպություններ՝ նրանք ստանում են խրախուսական մրցանակներ, ոսկե մեդալներ, ինչը նրանց է՛լ ավելի է պարտավորեցնում: Մասնակցության հավաստագիրը, որ ստանալու են բոլոր կազմակերպությունները, ինքնին շատ մեծ հնարավորություն է՝ արտասահմանյան շուկայում հանդես գալու համար, ցույց տալու, որ մասնակցել են միջազգային ցուցահանդեսի և ունեն հավաստագիր՝ տրված Առևտրաարդյունաբերական պալատի կողմից»,- ընդգծեց պարոն Զաքարյանը:




