Հասարակություն գլխավոր 

Ոստիկանությունում քննարկվել են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախապատրաստվելու վերաբերյալ հարցեր

Ոստիկանությունում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, քննարկվել են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախապատրաստվելու վերաբերյալ հարցեր:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 10-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության մի շարք ծառայությունների եւ տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում կազմակերպչական եւ ծառայողական խնդիրների թվում քննարկվել են նաեւ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցեր:

Անձնագրային եւ վիզաների վարչությանը, անձնագրային տարածքային ստորաբաժանումներին, ոստիկանության տարածքային բաժիններին, մասնավորապես՝ համայնքային ոստիկանության ստորաբաժանումներին, հանձնարարվել է սկսել հանրաքվեի մասնակիցների ցուցակների ստուգման եւ ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության եւ համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները:

Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է սեղմ ժամկետում հաշվետվություններ ներկայացնել հայտնաբերված անճշտությունների եւ դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին:

Նույն շարքից