Բարի օր Մշակույթ 

Ընթերցանության ժամ. Ցավ երազում. Արամ Պաչյան

analitik.am

Էսսե

ՆԱ` փողոցով քայլելիս, լապտերի լույսի ներքո, որպես հուզիչ առեղծված. մորուքի տակ դեռ չթաղված մեղմ դիմագծեր… Քո հայրենիքը ջազն է, թող պարի հոգիդ ռիթմերի սրտում, ես գիտեմ` կյանքում միայն ցավն է անցողիկ, իսկ մինչ այդ, խնդրում եմ, թափ տուր թևերդ, սուզվիր Քոլթրեյնի սաքսոֆոնի մեջ, թող փչի էությունդ իսկական գժի սիրով, մինչև պեծկլտուն աստղեր. քանի քնած ես` քայլիր երազանքիդ ետևից, մտիր ու դուրս արի, ճանաչիր ու ճզմիր քաղաքիդ ոգին նրբանցքների, փնտրիր ու տիրիր մոլորակի պես կլոր սկավառակներիդ, որոնց մակերեսին անմարդաբնակ կղզիների սահմաններ են գծված. ես տեսա զգացական ճանապարհիդ հավատարիմ ուղեկիցներին, որ հանգիստ ննջում են մահճակալիդ հենված, երբեք չդավաճանելով մենակությունդ. տագնապից կնճռոտված սավան. նստել եմ կողքդ, մաշկս հպվում է մաշկիդ, թավ խոտի պես ծփուն աղվամազերն իմ դավաճանում են հուզմունքս, զզվում եմ նողկալի ջահել սրտիկից, տիրոջս մերը, չեմ ուզում մեռնես. նույն մաշկից մեր ամառանոցում էլ կա` կծկված անկողնու վրա, առանց կոշիկները հանելու` պառկել է վերջին Աստծո պես, որ մոտենամ, նստեմ կողքը անհպելի, վախվորիկ քայլերով` չկարողանալով փրկել ո՛չ նրան, ո՛չ ինձ, ախր ես Հիսուսի հոգին չունեմ, բայց շատ եմ երազում ունենալ. ես ունեմ մի բան` մաշկ, ում կարող եմ 72 համարի ավտոբուսով ուղարկել քեզ մոտ, որ հպվի մաշկիդ. նույն հոտն արդեն 28 տարի ապրում է ռունգերիցս կախ. սիրում եմ հոտը թմրության` անընդհատ ապստամբող էս բոզ կյանքին, ինչպես քո Մայլսի շեփորը, որ հրճվում է ինքն իր կատարմամբ, քո տված սկավառակները լսում եմ հորս հետ, երբ խնդում ենք մենք մեզ վրա` քնի մեջ երազ տեսնող երեխայի պես. մորուքի տակ թաղված մեղմ դիմագծեր, որոնք թրթռում են կայծիկների համբույրներից. քանի երազ ես տեսնում` վայելիր հարազատ աշխարհիդ լավագույն տղերքի կատարումները, թավալ արի ճղրտված սավանիդ մեջ, մաշկդ մաշիր սավանին քսելով. ծոպերը` մխում են ջահելության ձեռքով. «Եվ մեծ սեր` դեպի վեր ու դեպի վար: Ահա վերջին խոստովանությունը, կարճ աղոթքը և հրաժեշտի տևական հնչյունը նուրբ թրթռալով մարում է` համբառնալով, կամաց-կամաց տարրալուծվելով Լույսի մեջ: Առաքելությունն ավարտված է-հանճարը ետ է վերցվում», հիմա բառերդ են նվագում մեղեդին, բառերով ջազ նվագելու արվեստը քո միակ իրականությունն է, որ տրված է որպես պարգև հավատարիմ զինվորին. ես քնում եմ հյուրասենյակում, գետնի վրա` ամեն օր մեջքս կոփելով ապագա դագաղիս համար ու լուսաբացին վազում եմ ներքև, որ ուսերս հենեմ պապիս ճոճվող ոտքերի տակ. թեթև ոտքեր` ալիքվող բարի քամուց. երկու ձեռքով պինդ սեղմել եմ ուսերիս. վերադառնում ենք տուն` Լավ, մի նեղվի. մի բան դիր լսենք Խանջյանի ջազից. ծխախոտ վառի ու պառկի. տեղերդ դեռ տաք են, ականջ մի դիր տնեցիների սրտաճմլիկ ողբոցներին, ես կհենվեմ ուսերիդ, որ երազդ լսեմ, կնստեմ կողքդ, մինչև հանգիստ հանգչես:

Սկզբնաղբյուր` Gretert.com

Նույն շարքից