Հոկտեմբերի 13-ը աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրն է: Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանն ասաց, որ ՀՀ-ն բավականին ռեսուրսներ ունի աղետների հետևանքների կանխարգելման համար, սակայն անելիքներ դեռ շատ կան:
Պողոսյանի խոսքով` շատ ավելի կարևոր է աղետների կանխարգելումը, քան դրանց հետևանքների վերացումը:
«Հայաստանն այսօր բավականին լուրջ տեխնիկա ունի, ինչպես նաև անհրաժեշտ մարդկային և այլ միջոցներ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի դիմակայել բնական աղետներին: Սակայն պետք է անել ամեն ինչ, որպեսզի աղետ տեղի չունենա: Աղետների հետ չի կարելի խաղ անել՝ բնություն է, անկանխատեսելի և սեփական կանոններով»,- ասացՄովսես Պողոսյան:
Գետառը փակելու հետ կապված Պողոսյանն ասաց, որ դա բավականին ռիսկային քայլ էր, քանի որ որևէ մեկի չի կարող երաշխավորել, որ մի օր Գետառը չի վարարի՝ այդպիսի նման դեպք արդեն եղել է:
Ըստ Պողոսյանի բավարար վիճակում է նաև բնակչության իրազեկումը. «Մարդիկ այսօր շատ ավելի պատրաստված են, քան տարիներ առաջ, բայց դա չի նշանակում, որ անելիք չկա: Մենք աշխատում ենք ոչ միայն տարվա մեջ մի օր՝ հոկտեմբերի 13-ին, այլ միշտ՝ իրազեկելով բնակչությանը և անելով ամեն ինչ՝ իրավիճակն էլ ավելի բարելավելու համար»: