Հասարակություն Իրավական 

Եթե հերքում չտպագրեն, դատի կտանք Blognews.am-ին. Գարիկ Գալիկյան

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում «Գալիկյան» փաստաբանական ընկերության տնօրեն Գարիկ Գալիկյանն ասաց, որ եթե Բլոգնյուզ կայքը չհերքի դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի հետ կապված տեղեկատվությունն այն մասին, թե վերջինս երիտասարդ սիրեկան ունի, ապա նրանք դիմելու են դատարան:

Գալիկյանի խոսքով, նման հրապարակման հիմք է հանդիսացել Ալինա Մարտիրոսյանի Ֆեյսբուքյան էջի մի նկար․

«Հասկանո՞ւմ եք վերցրել են նկարն անձնական էջից, որտեղ Ալինան մի երիտասարդի հետ է և հրապարակել, որ նրանք սիրեկաններ են: Մեզանից յուրաքանչյուրը բազմաթիվ մարդկանց հետ նկարներ ունի, սակայն դա ամենևին չի նշանակում, որ այդ մարդիկ մեր սիրեկաններն են: Սա մի կողմ, համարենք, թե այդպես է, ո՞վ է իրավունք տալիս որևէ ԶԼՄ-ի մարդկանց անձնական կյանք ներխուժել և հրապարակել անձնական տեղեկություններ: Ալինան որդի ունի, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ զրպարտող հրապարակումը նրա վրա: Այդ տղան նույնպես, կարող է ամուսնացած է, նշանված և այսպես շարունակ, եթե, օրինակ, նա նշանված է, և նշանը հետ տան, պատասխանատվությունն ո՞վ է կրելու»,- ասաց Գալիկյանը:

Գալիկյանը նաև նշեց, որ մեկ այլ կայք՝ Replik.am-ը, որը նույնպես հրապարակել էր այդ տեղեկությունը, հերքում հրապարակեց, ինչպես նաև զանգեցին իրեն։

«Ես շնորհակալ եմ նրանց, մարդիկ սխալվել էին, ուղղեցին իրենց սխալը, հիմա Blognews-ն էլ պետք է հերքում տպագրի, այլապես մենք դատարան կդիմենք: Նրանք ասում են, թե սկզբնաղբյուրը ինչ-որ Skandalist անվանումով կայք է: Ես փորձեցի գտնել, չկա նման կայք, եթե իրենք չեն, ապա դատարանում թող ապացուցեն, որ սկզբնաղբյուրն այդ կայքն է»,- նշեց փաստաբանական ընկերության տնօրենը:

Լրագրողի այն հարցին, թե ինչ է սպասվում ԶԼՄ-ին, եթե դատարանում պարտվեն, Գալիկյանն ասաց, որ զրպարտության համար մինչև 2 միլիոն դրամ տուգանք և վիրավորանք հասցնելու համար՝ մինչև 1 միլիոն դրամ:

Նույն շարքից