Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասաց, որ ներկայիս ներքաղաքական իրավիճակը բավականին վտանգավոր է:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը ջայլամի քաղաքականություն է վարում, ինչն էլ հնարավորություն տվեց իշխանությանը փոխել խաղի կանոնները. «Ասում են, թե մինչև դեկտեբերի 6-ը պետք է իշխանափոխություն անենք, արդեն քանի անգամ է հայտարարում են և պարտվում: Ի՞նչ իմաստ ունի անել հայտարարություններ, հետո պառակտվել, պարտվել և նորից իշխանության խաղը խաղալ»:
Ընդդիմության որակի հետ կապված Արամ Հարությունն ասաց. «Ընդդիմությունն ինքն իր դեմ է կռվում, իսկ քաղաքական ուժերից մի մասն էլ մերկապար են պարում՝ օրինակ ՕԵԿ-ը: Բիշարյանն ասում է՝ ազատ ենք թողել, որ որոշեն, թե ոնց քվերակեն, թե երբ էիք դուք ազատ, որ հիմա էլ ազատ եք թողել:
Ինչո՞ւ եմ հենց ՕԵԿ-ին անդրադառնում, քանի որ Արթուր Բաղդասարյանը միակն է, ով գիրք գրեց առաջին նախագահի մասին, դարձավ երկրորդ նախագահի մարդը, սեղմեց երրորդ նախագահի ձեռքը, իսկ հիմա էլ հագել է ընդդիմության դիմակը: Դուք մեկ այլ նման գործիչ հիշո՞ւմ եք:
Այս պայմաններում վերածնվելու մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է, դավաճանի վերածնվելը ո՞րն է: Մի անգամ ասացին, թե դժվար է Արթուր Բաղդասարյան լինելը՝ իհարկե դժվար է: Հիմա էլ կերել են Արա Աբրահամյանի ուղեղը, որ փող ներդնի իրենց «վերածնունդում», բայց էլի «քցելու են»: Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի Ժորիկն է: Ուղղակի պետք է Սերժ Սարգսյանը հասկանա, որ դավաճանը մի օր էլ իրեն հանգիստ կդավաճանի»: