Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին կտավներից մեկը ժամանակավոր հանգրվան է գտել Հայաստանի ազգային պատկերասրահում: Հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի՝ 1914-1915 թթ. ստեղծած «Դարից դար» կտավը Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցը վերամշակման և ցուցադրության համար այսօր հանձնել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Ծրագիրն իրականացվում է Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի ջանքերով՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ:
«Այս կտավի կարևորությունն այն է, որ ստեղծվել է հենց Ցեղասպանության իրականացման ընթացքում: Ավանեսովն առաջին անգամ իր նկարը ներկայացրել է Ռուսաստանում 1915-ին, որպեսզի այդ ձևով բարձրացնի Հայոց ցեղասպանության խնդիրը: Նա փորձում էր իր արվեստի միջոցով կասեցնել այդ ամենը»,- ասել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:
Ուղիղ 100 տարվա պատմություն ունեցող կտավը 1972-ին հեղինակի հարազատները հանձնել են Ռոստովի երկրագիտական թանգարան, սակայն այն մոռացության էր մատնվել: Միայն երկու տարի առաջ հայկական համայնքի ջանքերով սկսվեց փաստաթղթային գործընթացը` այն Հայաստան բերելու և վերականգնելու համար:
«Այսօր ներկայացնում ենք 20-րդ դարի մի հրաշալի նկարչի, ով ապրել է Ռոստովում: Մի քանի ամիս առաջ, երբ մենք Ռոստովից Հայաստան բերեցինք Սարյանի և այլ նկարիչների ստեղծագործություններ, ծանոթացանք նաև այս նկարի: Խոստացանք, որ պատկերասրահն անպայման կվերականգնի այս կտավը: Այսօր ևեթ այն կհանձնենք մեր ռեստավրացիոն արվեստանոցին»,- նշել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:
«Այս կտավը վերականգնելու համար բավականին երկար ժամանակ չէինք կարողանում միջոցներ հայթայթել: Եվ, բարեբախտաբար, Հայաստանի ազգային պատկերասրահը մեզ օգնության հասավ ու խոստացավ վերականգնել նկարը՝ պահպանելով պատմականությունը»,- փաստել է Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:
Պատկերասրահի վերականգնողներից կպահանջվի շուրջ 2 ամիս` աշխատանքն ավարտելու համար: