Հայաստան Քաղաքական 

Առաջնային խնդիր է «օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների» երևույթի կանխարգելման նպատակով համատեղ աշխատանքը. Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մասնակցել է Աստանայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել ու հավանություն են տվել ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ երկու տասնյակից ավել փաստաթղթերի նախագծերի:

Նիստի ընթացքում համաձայնեցվել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ, քննչական, արտակարգ իրավիճակների, անչափահասների իրավունքների պաշտպանության, մշակութային և կրթական բնագավառներում փոխգործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթեր:

ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության են արժանացրել Չերնոբիլի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների ուղերձի նախագիծը։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։

Ելույթ ունենալով ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին՝ նախարար Նալբանդյանը անդրադարձել է Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագծին։

Նա կարևորել է ՄԱԿ-ի առաջնորդող դերը աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների կողմից հայտարարության ընդունումը վկայում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության մասին։

«Կարծում ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ուղղակի կամ անուղղակի խախտումը, դրանց սելեկտիվ կիրառումը, միակողմանի պատժամիջոցները, այդ թվում` շրջափակումը, այլ երկրների հաշվին սեփական անվտանգության ամրապնդումը, անընդունելի են»,- ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

ԱԳՆ ղեկավարը խոսել է նաև ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքարի անհրաժեշտության մասին. «Առաջնային խնդիր է այսպես կոչված «օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների» երևույթի կանխարգելման նպատակով համատեղ աշխատանքը»։

Նույն շարքից