Հասարակություն Իրավական գլխավոր 

Հայտնի է թե ինչ պատասխաններ է տվել Պերմյակովը ստի դետեկտորի փորձաքննության ժամանակ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտնեց, որ ռուսական կողմը Ավետիսյանների սպանության գործը քննելիս դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննություն է իրականացրել:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում ռուսական կողմի եզրակացությունը որպես ապացույց չեն օգտագործվում, բայց որոշ երկրներում այն գործածվում է:

Պոլիգրաֆի եզրակացությամբ նշվել է, որ դեպքի վերաբերյալ էական հանգամանքների մասին հարցեր տալիս նրա մոտ ակնհայտ դրսևորված հակաազդակներ են ի հայտ գալիս. «Ըստ էության՝ նա նշել է, որ ինքն է կատարել հանցագործությունը: Այսինքն՝ իր մոտ կան պատկերցումներ, որ ինքը մտել է այդ տուն և սպանել է այդ ընտանիքի բոլոր անդամներին»:

Փաստաբանն ասաց, որ երբ Վալերի Պերմյակովին հարցրել են՝ արդյոք ինքը միայնա՞կ է եղել, ազդակներ են գրանցվել, որ ինքը տեղեկությունների է տիրապետում, որ միայնակ է կատարել հանցագործությունը: Հարցի վերաբերյալ՝ արդյոք Վալերի Պերմյակովը նպատակայի՞ն է գնացել հենց Ավետիսյանների տուն, թե՞ պատահական է տունն ընտրվել, պոլիգրաֆի հետազոտությամբ պարզվել է, որ մինչև այդ տուն մտնելը նա փորձել է մտնել այլ տներ ևս, փորձել է բացել դռները, սակայն չի հաջողվել, և քանի որ Ավետիսյանների տան դարպասը բաց է եղել, մտել է նրանց տուն:

Երեմ Սարգսյանն ասաց, որ, ըստ պոլիգրաֆի՝ Վալերի Պերմյակովը հայտնել է, որ առաջինը սպանել է Աիդա Ավետիսյանին, ապա՝ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյաններին, ապա՝ Արմեն Ավետիսյանին, նրա կնոջը՝ Արաքսյա Պողոսյանին, ապա՝ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին և Սերյոժա Ավետիսյանին: «Այս տեղեկություններն, ըստ էության, հաստատվում են նաև գործի մյուս տվյալներով»,- ասաց նա:

Այն հարցին, թե ինչո՞ւ է սպանել Աիդա Ավետիսյանին Պերմյակովը պատասխանել է, որ  մտել է ներս, երբ լույսն ընկել է աղջկա դեմքին, նա անակնկալ արթնացել է, գոռացել, իր մոտ հանկարծակի, իրադրությունից բխող գործողություններ են եղել, ինքը կրակել է: Այս պատասխանը պոլիգրաֆը արժանահավատ է համարել:

«Նշում է, որ երբ մտել է երկրորդ սենյակ, Սերյոժա Ավետիսյանի ուղղությամբ կրակելիս նա պառկած է եղել փորի վրա կամ կողքի վրա, չի էլ հասցրել ոտքի կանգնել կամ վեր կենալ անկողնուց: Այստեղ մենք որոշակի հակասություն ունենք քրեական գործի մյուս տվյալների հետ, մասնավորապես՝ մենք ունեինք, որ զենքի փողի վրա առկա է Սերյոժա Ավետիսյանին ԴՆԹ-ն, այսինքն՝ ենթադրվում է, որ նա զենքի փողը բռնել է (նա նաև քունքի շրջանում վնասվածք ուներ, որը խզակոթի հետևանքով էր առաջացել), բայց Պերմյակովը հերքել է, որ ինքը նրա նկատմամբ այլ բռնի գործողություն է կատարել, և նշել, որ նա տեղից վեր չի կացել: Նորից նշեմ, որ սրանք իր սուբյեկտիվ ընկալումներն են, այն, ինչին նա է հավատում անկեղծորեն:

Նա նշում է, որ դրանից հետո կրակել է Հասմիկ Ավետիսյանի ուղղությամբ: Ընդ որում՝ նշում է, որ նա չի հասցրել նստել կամ վեր կենալ, բայց փորձել է վեր կենալ: Դեպքի վայրի զննության ժամանակ, երբ հետազոտվել է դեպքի վայրը, պարզվել է, որ Հասմիկ Պողոսյանի ոտքերը մահճակալից դուրս եկած են եղել: Այսինքն՝ այստեղ ևս նրա ցուցմունքը որոշակիորեն համապատասխանում է գործի տվյալներին:

Շատ հետաքրքրական է Արմեն Ավետիսյանի հետ կապված դրվագը: Այստեղ ինձ մոտ որոշակի հավատ է առաջանում պոլիգրաֆի նկատմամբ, քանի որ ինքը պոլիգրաֆի հետազոտության ժամանակ այնպիսի տեղեկություններ է հայտնում, որոնք նույնիսկ մինչ այդ ցուցմունքում հայտնած չի եղել: Մասնավորպես՝ նա սկզբում նշում է, որ երբ արդեն երկրորդ սենյակում կրակոցներ եղան, երրորդ սենյակից մի տղա է եկել վազելով, դուռը բացել և արդեն գրեթե սենյակ մտնելու ժամանակ կրակել է նրա ուղղությամբ, և Արմեն Ավետիսյանն ընկել է գետնին: Սրա մասին ասել է ցուցմունքում: Բայց արդեն հայտնում է նաև, որ երբ գետնին փորի վրա ընկած էր, երկրորդ կրակոցն է կատարել վերևից ներքև և դրանով վերջ դրել նրա կյանքին»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ՝ փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ Արմեն Ավետիսյանի մոտ հայտնաբերվել է վերևից ներքև վնասվածք, որը ստացել է գետնին ընկած վիճակում:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Արաքսյա Պողոսյանի վերաբերյալ որոշակի հակասական տվյալներ է հայտնել Վալերի Պերմյակովը: Նրա խոսքով՝ վերջինս նախ նշել է, որ նա նստել էր անկողնում, գոռում էր և հեռախոսով փորձում էր զանգել, ապա նշել է, որ հեռախոսով զանգ չի եղել: Ըստ փաստաբանի՝ պոլիգրաֆով առավել արժանահավատ է համարվել, որ Արաքսյա Ավետիսյանը վերմակով ծածկվել է կրակոցի ժամանակ, հավանաբար փորձել է ծածկել նաև իր կողքին գտնվող երեխային:

Փոքրիկ Հասմիկ Պողոսյանի սպանության վերաբերյալ Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Պերմյակովը դարձյալ հակասական ցուցմունքներ է տվել. մեկ նշել է, որ սպանել է հրազենով, մեկ՝ սվինով, մեկ՝ կանգնած դիրքում, մեկ՝ պառկած: Պոլիգրաֆով փորձաքննությամբ հանգել են այն հետևության, որ աղջնակին սպանել է սվին դանակով, սակայն Հասմիկ Ավետիսյանի մարմնին սվին դանակի հետքեր չեն հայտնաբերվել. «Սա Պերմյակովի ներքին համոզմունքն է այդ խառնաշփոթ իրվիճակում»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ Վալերի Պերմյակովի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել, որով նրա մոտ հունվարի 10-12-ն ընկած ժամանակահատվածում որևէ մարմնական վնասվածք կամ դրա ապաքինման հետքեր չեն հայտնաբերվել. «Այսինքն՝ սրանից որոշակի առումով ենթադրենք, որ ներսում որևէ պայքար մեծ հաշվով չի եղել, և նրան որևէ մեկը վնասվածք չի պատճառել»:

Փաստաբանի խոսքով՝ Վալերի Պերմյակովին հայտնաբերելուց հետո արյան փորձաքննություն են իրականացրել, ալկոհոլ և թմրանյութեր նրա օրգանիզմում չեն հայտնաբերվել:

Նույն շարքից