Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, մահացել է Երևանի Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 17-ամյա Մերի Թամարյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ վթարից հետ աղջիկն այդպես էլ գիտակցության չի եկել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 13-ին, Երևանի Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի և «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը բախվել էր լուսակրին, որն ընկել էր հետիոտնի համար նախատեսված վայրում կանգնած Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Մերի Թամարյանի վրա: Մերի Թամարյանը գլխի և մարմնի տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: