Հասարակություն գլխավոր 

Հայաստանում ամեն օր սոված են քնում 10 ընտանիքներից 2-ը. Ա. Ադիբեկյան

Հոկտեմբերի 17-ը Աղքատության վերացման միջազգային օրն է:  Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց նախ ՄԱԿ-ի հրապարակած տվյալները, ըստ որի՝ 250 տրիլիոն դոլարի հարստություն է արտադրվում ողջ աշխարհում, որի կեսը պատկանում է մարդկության 1%-ին, մյուս կեսը 99%-ին:

Նա հայտնեց, որ հետազոտություններ է իրականացրել Հայաստանի գյուղերում: Դիցուկ մեկ գյուղում, ուր հողը, կլիման ու ջուրը նույնն է, գյուղացիների 50 տոկոսը  ապրում է իր ստեղծած արտադրանքը վաճառելով, կարողանում է հոգալ իր ընտանիքի ծախսերը, 25 տոկոսը ունեն շուկայական տնտեսություն, ունեն մեքենա, երեք հարկանի տուն, զավակները արտասահմանում են սովորում, իսկ ահա գյուղի 25 տոկոսը աղքատ է:

«Պետք է համալիր եղանակներով գրոհ կազմակերպել աղքատության դեմ, ամոթ է, որ հայ ազգը, որը հայտնի է իր աշխատունակությամբ, լինի աղքատ, զգա իրեն աղքատ ու ընդունի իր աղքատությունը, և վերջապես` անկարող լինի դրա դեմ պայքարել»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ Հայաստանի 50 տոկոս աղքատների մեջ 20 տոկոսն ընչազուրչկներն են:

Բնակչության համեմատաբար բարեկեցությամբ առաջինը Երևանն է, Սյունիքը, Աբովյանը, այսինքն՝ այն քաղաքները, որտեղ խոշոր արդյունաբերություն կա: «Այդ իսկ պատճառով աղքատության հաղթահարման միակ լուծումն այն կլինի, եթե ՀՀ-ում բացեն խոշոր ձեռնարկություններ»,- ասաց նա։

Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանում նվազել է հարուստների թիվը` 3-ից իջնելով մինչև 1 տոկոսի: Հայաստանի բնակչության 15 տոկոսը ունևորներ են, 33 տոկոսը համեստ ապրող մարդիկ են, 50-ը` աղքատ:

«Հայաստանում ամեն օր սոված են քնում 10 ընտանիքներից 2-ը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Նույն շարքից