Աշխարհի ամենաէժանագին նավթը, բնականաբար, վաճառվում է Մերձավոր Արեւելքում: Գոյություն ունի մեկ «պետություն», որ հեշտությամբ բաց է թողնում սեւ ոսկու տակառը բորսային գներից մի քանի անգամ ցածր գնով. Ընդամենը՝ 20 դոլար բարելի դիմաց…
Իսլամական պետություն խմբավորումը համարվում է աշխարհի ամենահարուստ ահաբեկչական կազմավորումը: Ի տարբերություն Ալ Քաիդայի, այն իր ֆինանսավորման մի չնչին մասն է ստանում դոնորներից:
Խմբավորման գանձարանը լցվում է Պարսից ծոցի երկրներից ստացվող հանգանակությունների, ռազմավարի ու բանկերի թալանի արդյունքում: Սակայն բյուջեի ծախսերը հիմնականում փակվում են նավթաբեր շրջանների զավթման, նավթավերամշակման ու նավթի մաքսանենգության միջոցով: Դրա շնորհիվ ձեռք է բերվում անհրաժեշտ զենք, սպառազինություն ու վճարվում վարձկանների աշխատավարձերը:
Ահաբեկչական խմբավորումը վերահսկում է Սիրիայի նավթահորերի 60 %-ը, իսկ Իրաքում զավթել է 7 խոշոր հանքավայր: Իսլամական պետությունը նույն տեսակի հում նավթը սեւ շուկայում վաճառում է շուկայականից 2-3 անգամ ցածր գնով: Միջին հաշվարկով ահաբեկիչներն օրական իրացնում են 45 հազար բարել նավթ: Սաուդյան Արաբիան օրական արտադրում է 9 միլիոն բարել նավթ:
Համեմատելով՝ տպավորություն է առաջանում, որ դա չի կարող էական ազդեցություն թողնել տարածաշրջանային նավթի ծավալների ու համաշխարհային գների փոփոխման վրա, սակայն այդ բիզնեսն ԻՊ ահաբեկիչներին օրական 3, իսկ տարեկան 900 միլիոն դոլարի շահույթ է բերում:
Ներկայումս ահաբեկիչները վերահսկում են մի շարք ռազմավարական ճանապարհներ ու բավականին հեշտությամբ իրականացնում են մաքսանենգ գործունեություն: Փոխադրումները գրեթե անհնար է վերահսկել, քանի որ նավթը տեղափոխվում է՝ քողարկվելով պարենային եւ առաջին անհրաժեշտության ապրանքների միջոցով: ԻՊ խմբավորումը կրում է արեւելյան Սիրիայում ու հյուսիսային Իրաքում նավթի մաքսանենգ առեւտրի պատասխանատվությունը:
Էժան նավթն իր պահանջարկը գտնելով սեւ շուկայում՝ ապահովում է ահաբեկիչների ֆինանսական մուտքերի հիմնական մասը: Ու՞մ է իրականում վաճառում ԻՊ խմբավորումը գողացված նավթն ու ովքե՞ր են նպաստում այդ գործընթացին: Ներկայումս բոլոր վարագույրները բարձրացված են ու միանշանակ կարելի է պնդել, որ Իսլամական պետության ակունքներում կանգնած է Միացյալ Նահանգները:
Բաշար Ասադին ոչնչացնելու նպատակով ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ի սկզբանե ֆինանսավորել են ահաբեկիչներին, իսկ ՆԱՏՕ-ն ոչ միայն քաջատեղյակ է ընթացող գործընթացից, այլեւ հանցավոր համաձայնության մեջ է նրանց հետ:
Դժվար է հրաժարվել «բանկետի» շարունակությունից այն ժամանակ, երբ «երեխան» ոչ միայն սկսել է քայլել, այլ սովորել՝ վարպետորեն տիրապետել հրաձգային զենքին: Բավական է ձեռքը հետ քաշել ահաբեկչական կազմակերպության զարկերակից, եւ ո՞վ գիտե՝ ուր կտանի նրան հոսանքը:
Ուստի, ԱՄՆ-ը նոր մարտավարություն է մշակել՝ ապահովել ԻՊ խմբավորման ինքնաֆինանսավորումը: Մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել՝ կրճատել ահաբեկիչների ֆինանսավորումն ու միաժամանակ օգուտ քաղել միջնորդական գործարքներից: Կոռուպացված իրաքյան Քուրդիստանի իշխանություններն ու թուրքական հատուկ ծառայությունները ոչ միայն քաջատեղյակ են ԻՊ կոմերցիոն գործարքներից, այլ ամեն կերպ օժանդակում ու քողարկում են մաքսանենգ նավթի ներկրումը:
Ահաբեկիչները միջնորդների օգնությամբ նավթը իրացնում են Իրաքյան Քուրդիստանում, Իսրայելում, Հորդանանում ու Սիրիայում: Սակայն ԻՊ խմբավորման հիմնական հաճախորդը թուրք գնորդներն են: Այն, որ թուրքական իշխանությունների ու ԻՊ ներկայացուցիչների միջեւ առկա են անմիջական հարաբերություններ, խոստովանում է նաեւ ամերիկյան կողմը:
Սիրիայում ԱՄՆ հատուկ ծառայությունների իրականացրած գործողությունների արդյունքում հայտնաբերվել են փաստաթղթեր, որ ապացուցում են թուրքերի ու ԻՊ ահաբեկիչների միջեւ գաղտնի ալյանսի իրողությունը:
Վերջին ժամանակներում անկանխատեսելի դարձած Թուրքիայի նկատմամբ որոշակի կոմպրոմատներ ձեռք բերելու նպատակով Վաշինգտոնը հրապարակեց փաստաթղթեր, որոնցից ակնհայտ է դառնում, որ Թուրքիան ահաբեկիչներից օրական առնվազն 200.000 բարել նավթ է գնում:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում