ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրություններ են կատարվել Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկի երթեւեկության բարելավման ուղղությամբ:
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի լուսացույցն ու «Կանգ» գիծը մոտ 25 մետր դեպի խաչմերուկ տեղափոխելու հաշվին նշված խաչմերուկում հնարավոր է Բաղրամյան պողոտայի տվյալ խաչմերուկին հարող հատվածի երեք երթեւեկելի գոտիներին մոտ 20 մետր երկարությամբ տարածքում ավելացնել նաեւ 4-րդ երթեւեկելի գոտին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի արագ բեռնաթափել խաչմերուկը եւ խուսափել տրանսպորտային միջոցների կուտակումներից ու հնարավոր խցանումներից:
Միաժամանակ, նշված փոփոխության շնորհիվ Բաղրամյան պողոտայի երթեւեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով դեպի Մոսկովյան ու Սարյան փողոցներ երթեւեկող տրանսպորտային միջոցները նշված մանեւրը կկատարեն առանց լուսացույցի արգելող ազդանշանի հանդիպելու:
Նշված փոփոխությունը կատարելու համար անհրաժեշտ կլինի Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում կառուցել անվտանգության կղզյակ:
Կից ներկայացվում են նշված խաչմերուկի գործող եւ առաջարկվող երթեւեկության կազմակերպման սխեմաները:

