Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ նրանք ցանկանում են համաժողովրդական հանրաքվե անցկացնել Հարավային Օսեթիայում և միանալ Ռուսաստանի Դաշնությանը:
-Ռուսաստանը մեր մայրն է, մեր հայրենիքը, այլ հայրենիք մենք չենք կարող ունենալ, - ասել է Հարավային Օսեթիայի նախագահը:
Իսկ Տիբիլովի մամուլի խոսնակ Գանա Յանովսկայան էլ իր հերթին նշել է, որ Ռուսաստանին միանալը հարավային օսերի դարավոր երազանքն է և նրանք պարտավոր են օգտագործել այս հարմար ժամանակահատվածը իրենց վաղեմի երազանքը իրականացնելու:
Հիշեցնենք, որ նմանատիպ մի հանրաքվե Հարավային Օսեթիայում տեղի էր ունեցել դեռևս 1992 թվականին, որի ժամանակ օսերը կողմ էին քվեարկել Ռուսաստանին միացմանը: Եթե 23 տարի առաջ հարավային օսերը ցանկություն էին հայտնել միանալ դեպի անկում գահավիժող Ելցինյան Ռուսաստանին, ապա համաշխարհային գերտերություն դարձած մերօրյա Պուտինյան Ռուսաստանին մաս կազմելուն նվիրված հանրաքվեն կարելի համարել ձևական արարողություն, որի արդյունքը արդեն պարզ է բոլորիս: